Իսրայելը կարող է կարգավորել հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ մոտ ապագայում, հայտարարել է հեռացող վարչապետ Յաիր Լապիդը Քնեսեթում՝ կոչ անելով իր իրավահաջորդ Բենիամին Նեթանյահուին հետեւել այն հիմքին, որ իր կառավարությունը դրել է նման գործարքի համար, հաղորդում է Jpost-ը:

«Մենք երկխոսություն ենք սկսել սաուդցիների հետ, որպեսզի առաջին փուլում Իսրայելին թույլ տան թռչել Սաուդյան Արաբիայի օդային տարածքով եւ թույլատրեն իսրայելցի քաղաքացիներին Մեքքա ուղիղ թռիչքներ կատարել հաջի ժամանակ»,- ասել է Լապիդը:

«Մենք ավելին ենք արել, քան դա։ Մենք հիմք ենք դրել Աբրահամի համաձայնագրերին Սաուդյան Արաբիայի լիարժեք միանալու համար,- պարզաբանել է նա,- Եթե նոր կառավարությունը գնա մեր նախանշած ճանապարհով, ապա մոտ ապագայում հնարավոր է սաուդցիների հետ հարաբերությունների կարգավորում»։

Հինգշաբթի օրը Քնեսեթում Նեթանյահուի կառավարության երդմնակալությունից առաջ Լապիդն ամփոփել է իր կառավարության աշխատանքը, որում նա նաեւ զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։

Ի՞նչ է ասել Նեթանյահուն

Նեթանյահուն խոսել է իսրայելա-սաուդյան գործարքի հնարավորության մասին՝ ի լրումն նորմալացման համաձայնագրերի, որոնք նա ձեռք է բերել 2020 թվականին արաբական չորս երկրների հետ՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված Աբրահամի համաձայնագրի հովանու ներքո:

Դիմելով Քնեսեթին՝ Նեթանյահուն ցանկություն է հայտնել ավելի շատ հարաբերությունների կարգավորման համաձայնագրեր կնքել տարածաշրջանի երկրների հետ՝ բացատրելով, որ ցանկանում է «ընդլայնել խաղաղության շրջանակը» եւ «վերջ դնել իսրայելա-արաբական հակամարտությանը»։

Լապիդն ասել է, որ իր կառավարությունն ամրապնդել է Իսրայելի կապերը Աբրահամյան համաձայնագրի երկրների, հատկապես Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի եւ Մարոկկոյի հետ, որտեղ դեսպանատներ են բացվել: