Գերմանիան եւ Նորվեգիան ջրածնի մատակարարման համար խողովակաշար կկառուցեն: Գերմանիայի փոխկանցլեր եւ էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը եւ Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն հունվարի 5-ին Օսլոյում կայացած հանդիպման ժամանակ համաձայնեցրել են ռազմավարական գործընկերությունը, որի առանցքային տարրը մինչեւ 2030 թվականը Գերմանիա ջրածնի մատակարարումների համար խողովակաշարի կառուցումն է, հաղորդում է DW-ը։
Նախ նորվեգական Equinor կոնցեռնը այդ խողովակաշարով Գերմանիա կմատակարարի բնական գազ, իսկ հետագայում՝ վերականգնվող էներգիայի միջոցով արտադրված ջրածին, որը կընդունվի գերմանական RWE ընկերության կողմից։
«Մենք գիտենք, որ ջրածինը հատկապես կարեւոր է կանաչ փոխակերպման եւ Գերմանիայի համար։ Մենք ցանկանում ենք կառուցել գազային էլեկտրակայաններ, որոնք կաշխատեն ջրածնով։ Այդ ջրածինը կարող է եւ պետք է ստացվի Նորվեգիայից»,-ասել է Ստյորեն։
Գերմանիան եւ Նորվեգիան ծրագրում են համագործակցել նաեւ CCS (Carbon Capture and Storage) տեխնոլոգիայով ածխաթթու գազի ստորգետնյա պահպանման ոլորտում։ Այս տեխնոլոգիան Գերմանիայում արգելված է, բայց Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը մտադիր է հասնել օրենքում անհրաժեշտ փոփոխությունների ընդունմանը:





























