Առնվազն 29 մարդ է մահացել հինգշաբթի օրը Մեքսիկայի Սինալոա նահանգում իրավապահ մարմինների կողմից մեքսիկական Sinaloa թմրակարտելի նախկին առաջնորդ Խոակին Գուսմանի որդուն՝ Օվիդիո Գուսման Լոպեսին ձերբակալելու լայնածավալ գործողության ընթացքում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Լուիս Կրեսենսիո Սանդովալը, փոխանցում է ՏԱՍՍյու–ն։
«Իշխանությունների տվյալներով՝ 19 իրավախախտ է մահացել, 10 զինծառայողներ կյանքը տվել են իրենց պարտականությունները կատարելիս»,- ասել է նա։ Բացի այդ, վիրավորվել է 35 զինվոր, նրանց անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում։ Պաշտոնական տվյալներով՝ ձերբակալվել է ուժայինների վրա հարձակման մեջ կասկածվող 21 անձ։ Հանցագործներից առգրավվել է տասնյակ հրազեն, այդ թվում՝ խոշոր տրամաչափի հրացաններ։
Թմրաբարոնի որդու կալանավորումը հանգեցրել է իրավիճակի կտրուկ սրման Սինալոայի մայրաքաղաք Կուլյականում, փողոցներում կրակոցներ են տեղի ունեցել, մի քանի շրջանների ճանապարհները փակվել են այրվող մեքենաներով։ Ներկայումս մեծ քաղաքում իրավիճակը գտնվում է իշխանությունների վերահսկողության տակ, իսկ բախումների հետեւանքները վերացվում են։
Sinaloa թմրակարտելի հետ կապված խմբի ենթադրյալ պարագլուխ Գուսման Լոպեսը հինգշաբթի երեկոյան տեղափոխվել է Մեխիկոյում գտնվող Altiplano խիստ ռեժիմի բանտ։ Նա ենթակա է արտահանձնման ԱՄՆ-ին, որտեղ նրան մեղադրում են կոկաին, մետամֆետամին եւ մարիխուանա տարածելու դավադրության մեջ: Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդն արդեն բացառել է ամերիկյան արդարադատությանը արագացված արտահանձնման հնարավորությունը։




























