Հայաստանի կառավարությունն առաջարկել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` փոքր հիդրոկայանների համար առավելագույն հզորություն սահմանել 30 ՄՎտ-ը` ներկայիս 10-ի փոխարեն: Այսպիսով` համեմատաբար միջին չափսի հիդրոկայանները նույնպես կանվանվեն փոքր ՀԷԿ-եր: Բացի այդ` սեպտեմբերի 8-ի նիստում հաստատվել է «Հիդրոէներգետիկայի ոլորտի ռազմավարական զարգացման ծրագիրը», որով նախատեսվում է 2025 թ. փոքր հէկ-երի միջոցով արտադրել տարեկան 1 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներրգիա, ներկայիս 400 մլն-ի համեմատ:

Նշենք, որ կառավարության որոշումն արդեն իսկ բացասական արձագանք է գտել բնապահպաննեերի շրջանում: Ըստ Էկոլուրի` մեր գետերի ջրային համակարգերը կարող են կործանվել, քանի որ չի կանոնակարգվում, թե գետի ջրի որ մասը կարելի է վերցնել` առանց էկոհամակարգը վնասելու:

Այնուամենայնիվ` երկրի ջրային պոտենցիալի արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը կարծես թե կասկած չի հարուցում, առաջին հերթին` ազգային անվտանգության տեսանկյունից:

Ըստ փորձագիտական գնահատականների` Հայաստանի խոշոր գետերից էներգետիկ նպատակներով վատ են օգտագործվում Դեբեդ գետը իր Ձորագետ վտակով եւ Արաքս գետը:

Ներկայում այդ 3 գետերի վրա էլ ընթանում են խոշոր ՀԷԿ-երի շինարարության (կամ նախագծման) աշխատանքներ: Արաքսի վրա Իրանի հետ համագործակցությամբ կառուցվում է Մեղրու ՀԷԿ-ը, Դեբեդ գետի վրա` Շնողի ՀԷԿ-ը (մասնավոր ներդրումներ), Ձորագետի վրա` Լոռիբերդի ՀԷԿ-ը (Եվրամիության ֆինանսական աջակցությամբ):

Բացի այդ` 74 փոքր ՀԷԿ-եր գտնվում են կառուցման ընթացքում: 2011 թ. մարտի 1-ի դրությամբ էլեկտրական էներգիա էին արտադրում 101 փոքր ՀԷԿ-եր:

Հիդրոէներգետիկ պոտենցիալը զարգացնելու համար կառավարությունը մի հետաքրքիր առաջարկ է նախապատրաստել, որն ի դեպ, կարող է ազդել նաեւ սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագնի վրա: Առաջարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` 2016 թվականից 10 ՄՎտ-ից բարձր հզորությամբ հիդրոկայանների համար բարձրացնել էլեկտրաէներգիայի առաքման սակագինը մինչեւ 6.5 ԱՄՆ ցենտ (համարժեք է մոտ 24 դրամին): Սա բավականին կարեւոր որոշում է, եթե հաշվի առնենք, որ խոշոր ՀԷԿ-երից առաքվող էներգիան ներկայում գնվում է շատ ցածր արժեքով: Օրինակ` հանրապետության խոշորագույն` Որոտանի ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան ներկայում գնվում է 1 դրամից էլ պակաս սակագնով:

Նշենք, որ փոքր ՀԷԿ-երից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը 17.2 դրամ է 1 ԿՎտ-ի համար` առանց ավելացված արժեքի հարկի: Սակայն եթե փոքր ՀԷԿ-երի սակագնի փոփոխությունը գուցե եւ էապես չանդրադառնա վերջնական սպառողին մատակարարվող էլեկտրաէներգիաի սակագնի վրա, ապա խոշոր ՀԷԿ-երի դեպքում այդ ազդեցությունից խուսափել հնարավոր չէ:

Ակնհայտ է, որ կառավարությունը փորձում է զարկ տալ առաջին հերթին խոշոր կամ միջին ՀԷԿ-երի շինարարությանը, այնինչ նախկինում գերակայություն էր տրվում մինչեւ 10 ՄՎտ հզորությամբ ՀԷԿ-երին:

 Սամվել Ավագյան