Լուիզիանայի շերիֆի նախկին տեղակալը 100 տարվա ազատազրկման է դատապարտվել այն բանից հետո, երբ իրեն մեղավոր է ճանաչել սեռական բնույթի մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Իշխանությունները հայտնել են, որ 47-ամյա Դենիս Պերկինսն իր կյանքի մնացած մասը կանցկացնի բանտում այն բանից հետո, երբ իրեն մեղավոր է ճանաչել մի շարք հանցագործությունների մեջ՝ սկսած բռնաբարությունից, երեխաների հանդեպ դաժան վերաբերմունք պատկերող նկարներից ու վիդեո-վուայերիզմից եւ վերջացրած «մարմնական նյութերով սնունդը վարակելով»: Նա չի կարող պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել։
Մինչեւ 2019-ին իր ձերբակալվելը, Պերկինսը 17 տարի Լիվինգսթոն շրջանի շերիֆի տեղակալ է եղել։ Ձերբակալվել է նաեւ նրա նախկին կինը՝ Սինտիա Պերկինսը, որը նախկինում դպրոցի ուսուցչուհի է եղել։
Նա իրեն մեղավոր է ճանաչել 41 տարվա ազատազրկման դիմաց՝ այն համաձայնագրի շրջանակներում, որը կպարտավորեցնի նրան ցուցմունք տալ Դենիս Պերկինսի դեմ:
Պերկինսի ընտանիքն ուշադրության կենտրոնում է հայտնվել Անհետ կորած եւ շահագործման ենթարկվող երեխաների ազգային կենտրոնին հաղորդումներից հետո: IP հասցեն, որը կապված է զույգի տան հետ, իշխանություններին ստիպել է առգրավել հազարավոր տեսանյութեր եւ լուսանկարներ: Քննիչները ամուսիններին 2019 թվականի հոկտեմբերին են ձերբակալել։
Փաստաբանն ասել է, որ ամուսիններին առաջադրված մեղադրանքների հիմնական մասը կապված է մինչեւ 13 տարեկան երեխայի հետ։ Ամուսիններին 2019 թվականին մի քանի ամիս շարունակ բռնաբարության, բռնաբարության փորձի, վիդեո-վուայերիզմի եւ երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի պատկերներ ստեղծելու մեղադրանք է առաջադրվել։




























