Արաբական Միացյալ Էմիրությունների դպրոցներում կսկսեն ուսուցանել Հոլոքոստի պատմությունը, հայտնել են ԱՄՆ-ում Էմիրությունների դեսպանատանը։

Դեսպանատունը ուսումնական ծրագրի վերաբերյալ մանրամասներ չի տրամադրել, իսկ Էմիրությունների կրթության ոլորտի իշխանությունները դեռեւս պետք է հաստատեն հայտարարությունը, հայտնում է AP լրատվական գործակալությունը։

ԱՄԷ-ն Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորել է 2020 թվականին՝ որպես նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի միջնորդությամբ կնքված գործարքի մի մաս։

«Աբրահամի պատմական համաձայնագրից հետո ԱՄԷ-ն այժմ կներառի Հոլոքոստի պատմությունը տարրական եւ միջնակարգ դպրոցների ուսումնական ծրագրում», - գրված է դեսպանատան թվիթերյան պաշտոնական էջում՝ նկատի ունենալով Իսրայելի եւ ԱՄԷ-ի, Բահրեյնի եւ Մարոկկոյի միջեւ հարաբերությունների կարգավորման համաձայնագրերը: