Գազատարի վրա հզոր պայթյունը, որի պատճառով ստիպված են եղել տարհանել Լիտվայի հյուսիսում գտնվող մի գյուղ, ամենայն հավանականությամբ, տեխնիկական անսարքության պատճառով է առաջացել, շաբաթ օրը հայտարարել է երկրի գազատրանսպորտային համակարգը կառավարող AB Amber Grid ընկերության ղեկավար Նյամունաս Բիկնյուսը, հաղորդում է AP-ը։
Ուրբաթ երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետեւանքով կրակը երկինք է բարձրացել 50 մետրով, նշում են ԶԼՄ-ները:
Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել, սակայն մոտ 250 մարդ տարհանվել է մոտակա Վալակելիայ գյուղից՝ որպես նախազգուշական միջոց։ Հրդեհը մարվել է կեսգիշերին, եւ շաբաթ օրը բնակիչները վերադարձել են իրենց տները, քանի որ սկսվել են վնասված խողովակաշարի վերանորոգման աշխատանքները:
Այդ գազատարով գազը Բալթյան Կլայպեդա նավահանգստից հասնում է հարեւան Լատվիա։ Հարակից գազատարը չի վնասվել եւ շարունակել է գազ մատակարարել այդ տարածքում գտնվող սպառողներին, հաղորդում է AB Amber Grid-ը։
Լիտվան ամբողջությամբ դադարեցրել է ռուսական գազի ներկրումը 2022 թվականի ապրիլին ի պատասխան Ուկրաինայի հակամարտության։ Բալթյան երկիրը մի քանի երկրներից գազ է ներմուծում տասը տարի առաջ կառուցված Կլայպեդայի հեղուկացված բնական գազի տերմինալի միջոցով:





























