2023թ. շուկաները եւ տնտեսությունը կարող են բախվել պոտենցիալ տապալման, եւ դա կարող է հանգեցնել նոր համաշխարհային պատերազմի՝ շարունակվող ռուս-ուկրաինական հակամարտության սահմաններից դուրս։ Այս մասին ասել է բիզնես-խորհրդական Ջերալդ Սելենտեն, որին անվանում են «ամերիկյան Նոստրադամուս», տեղեկացրել է Business Insider-ը։
«Մենք խոսում ենք շուկայի կործանման մասին»,- ասել է Սելենտեն Kitco News-ի հարցազրույցում՝ նախազգուշացնելով, որ տոկոսադրույքները դեռ չեն հասել բարձրակետին, իսկ դա նշանակում է էլ ավելի մեծ ցավ շուկաների համար։
Բարձր տոկոսադրույքներն արդեն խիստ ազդել են արժեթղթերի վրա. անցած տարի S&P-ի ինդեքսն իջել էր 20 տոկոսով՝ ֆինանսական պայմանների խստացման պատճառով։ Սպասվում է, որ պաշտոնատար անձինք կշարունակեն բարձրացնել տոկոսադրույքներն այնքան ժամանակ, մինչեւ որ գնաճը վերահսկողության տակ անցնի, ընդ որում՝ շատ դիտորդներ նախազգուշացնում են, որ կենտրոնական բանկը կարող է չափից ավելի ջանալ եւ հեշտությամբ հրահրել ռեցեսիա ու ֆոնդային շուկայի տապալում։
Այսպիսի ճգնաժամը, որի մասին զգուշացնում է Սելենտեն, կարող է անգամ հանգեցնել թեժացման, որը նա անվանում է նոր համաշխարհային պատերազմ, որն արդեն սկսվել է։ Նա Ուոլ սթրիթի այն տեսաբաններից է, որոնք կարծում են, որ երրորդ համաշխարհային պատերազմն սկսվել է անցած տարի Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմամբ, եւ զգուշանում են, որ հակամարտությունը կարող է ընդլայնվել այս տարի՝ ամբողջ աշխարհում տնտեսական ցնցումների ֆոնին։
«Միակ բանը, որը շուկաները դեռ պահում է, տոկոսադրույքներն են։ Դրանք ավելանում են, իսկ շուկան՝ «ընկնում»։ Երբ ոչինչ չի օգնում, նրանք պատերազմ են վարում»,- ասել է Սելենտեն։
Բանկային շատ խոշոր հաստատություններ նախազգուշացնում են շուկաների համար ավելի ցավոտ վիճակների մասին։ Bank of America-ն, Morgan Stanley-ն եւ Deutsche Bank-ը կանխատեսում են, որ այս տարի արժեթղթերը կէժանանան 20-25 տոկոսով, բայց ավելի տխուր ելքը կախված կլինի այն բանից, թե կկատարի արդյոք ԴՊՀ-ն տոկոսադրույքների բարձրացման իր պլանը, որը, Սելենտեի կարծիքով, կարող է բլեֆ լինել։
«Ես չեմ հավատում նրանց ոչ մի խոսքին»,- ասել է Սելենտեն՝ նշելով, որ ԴՊՀ-ն սխալմամբ գնաճն անվանել էր «անցողիկ» 2021թ. եւ այդ պնդումից հրաժարվել 2022թ.։ «Մենք կանխատեսում ենք շուկայի տապալում, եթե նրանք անեն այն, ինչ ցանկանում են»։
Սելենտեն կարծում է, որ այլ փորձանքներ եւս կարող են հարվածել տնտեսությանը, քանի որ տոկոսադրույքներն ավելանում են։ Դրանցից գլխավորը պարտքային ճգնաժամն է, քանի որ չափից ավելի մեծ պարտք ունեցող տնային տնտեսությունները եւ ֆինանսական հաստատությունները պայքարում են պարտքերի աճող ծախսերի դեմ։ Նա ավելացրել է, որ ոսկին լավագույն դրույքն է ներդրողների համար, քանի որ վոլատիլությունը ցնցում է ֆինանսական շուկաները, եւ կանխատեսել է, որ թանկարժեք մետաղն այս տարի կարող է թանկանալ՝ հասնելով 2 000-2 500 դոլարի։ Հինգշաբթի օրը ոսկու ունցիան վաճառվում էր 1 921 դոլարով։





























