2022 թվականի դեկտեմբերի արդյունքներով Ճապոնիայում գների աճը հասել է 1981 թվականից ի վեր առավելագույն նիշին՝ 4 տոկոսի՝ նոյեմբերի 3,7 տոկոսի համեմատ: Այս մասին են վկայում երկրի վարչական գործերի եւ հաղորդակցությունների նախարարության վիճակագրական տվյալները։

Դեկտեմբերին գների աճի հիմնական շարժիչ ուժը եղել է էներգակիրների գների աճը, որոնք մեկ ամսվա ընթացքում բարձրացել են 15,2 տոկոսով։ Մասնավորապես, էլեկտրաէներգիան թանկացել է 21,3 տոկոսով, իսկ գազի գինը՝ 23,3 տոկոսով։ Առանց վառելիքի գները հաշվի առնելու՝ գնաճը նույնպես ռեկորդ է սահմանել՝ կազմելով 3 տոկոս: Ճապոնիայում սննդամթերքը դեկտեմբերին թանկացել է 7 տոկոսով, հագուստը՝ 2,9 տոկոսով։ 2,1 տոկոսով բարձրացել է նաեւ տրանսպորտային եւ հեռահաղորդակցական ծառայությունների արժեքը։

Երկրում գների աճի մակարդակը հաշվարկվում է էներգակիրների արժեքի տվյալների հիման վրա, սակայն հաշվի չեն առնվում շուտ փչացող ապրանքների գները, քանի որ դրանք ենթարկվում են չափազանց ուժեղ տատանումների։ Տարեկան գնաճը շարունակել է արագանալ իններորդ ամիսն անընդմեջ՝ կրկնապատկելով Ճապոնիայի բանկի սահմանած թիրախը։

Երկրում գների աճի տեմպերն աճում են իենի թուլացման եւ ներմուծվող ապրանքների գների աճի ֆոնին, գրում է Financial Times թերթը։ Հաշվետվության հրապարակումից հետո ազգային արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է մոտ 0,4 տոկոսով։