Թուրքիայի հարավ-արեւելքում փետրվարի 6-ին 7,8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: Վերջին տվյալներով՝ Թուրքիայում եւ Սիրիայում ավելի քան 20 հազար մարդու կյանք խլած երկրաշարժից հետո համացանցում հայտնվել են երկրաշարժի ժամանակ երկնքում բռնկումների վիդեոկադրեր։

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գլխավոր փորձագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը NEWS..am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ հաճախ երկրաշարժերի եւ հրաբխային ժայթքումների հետ մեկտեղ էլեկտրական լիցքերի բռնկում է առաջանում։

Նա հավելեց, որ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ նույնպես այդ երեւույթը նկատվել է։ «Այսպիսով, բեկվածքի տեղում չոր խոտ է այրվել»,-նշեց փորձագետը:

Նազարեթյանը դա սովորական երեւույթ համարեց՝ հորդորելով չանհանգստանալ։

«Երբ երկու լիտոսֆերային սալիկներ շփվում են միմյանց հետ, դա կարող է էլեկտրական լիցք եւ կայծեր առաջացնել գետնից բեկվածքի տեղում»,-բացատրեց պրոֆեսորը:

Արամ Դանիելյան