Խորհրդային տարիներին կառուցվող շենքերի սեյսմակայունության գնահատման պակաս կար։ Այս մասին փետրվարի 10-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ ասել է սեյսմոլոգ Արմեն Խաչատրյանը։
Նա պարզաբանել է, որ Երեւանում շենքերը կառուցվել են՝ հաշվի առնելով 7 բալանոց կայունությունը, իսկ այսօր՝ արդեն առնվազն 9 բալանոց կայունությունը։
Փորձագետը հավելել է, որ խորհրդային ժամանակների շենքերը չեն համապատասխանում այսօրվա չափանիշներին:
«Այս իմաստով դրանք ունեն միջին եւ բարձր խոցելիություն։ Անկախության շրջանում կառուցված շենքերը համապատասխանում են նորմերին։ Վերահսկողությունն իրականացվում է շինարարությունից առաջ եւ ընթացքում»,- հավելել է Խաչատրյանը։
Համարվում է, որ Հայաստանում բազմաբնակարան շենքերի մոտ 90%-ը կառուցվել է խորհրդային տարիներին, դրանք ինչ-որ կերպ տուժել են 1988-ի երկրաշարժից եւ ենթարկվել են բնական մաշվածության։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արեւելքում 7,8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ավելի քան երկու տասնյակ հազար մարդ Թուրքիայում եւ Սիրիայում բնական աղետի զոհ է դարձել։




























