Այս որոշումը ևս մեկ անառարկելի միջազգային իրավական հիմք է, որ ռասայական խտրականության ու ատելության ենթարկվող Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող ապրել Ադրբեջանի կազմում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Հաագայի դատարանի որոշմանը՝ Լաչինի միջանցքի հետ կապված:

«ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը քիչ առաջ բավարարեց Հայաստանի պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին չխոչընդոտել «Լաչինի միջանցքով» բեռների, մարդկանց և տրանսպորտի ազատ տեղաշարժը երկու ուղղություններով: Մեկ այլ որոշմամբ մերժեց Ադրբեջանի անհիմն պահանջը ականների վերաբերյալ:

Արցախի իշխանությունների և ժողովրդի անունից կուզեի հատուկ շնորհակալություն հայտնել Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին և այս վարույթում հայկական կողմից ներգրավված բոլոր անձանց՝ իրենց կարևորագույն առաքելության համար:

Այս որոշումը ևս մեկ անառարկելի միջազգային իրավական հիմք է, որ ռասայական խտրականության ու ատելության ենթարկվող Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող ապրել Ադրբեջանի կազմում:

Սա համարում եմ մեր միջազգային պայքարում կարևոր հանգրվան, և Հայաստանի Հանրապետության հետ միասին շարունակելու ենք հնարավորինս օգտագործել միջազգային իրավական բոլոր մեխանիզմները Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության նպատակով: Արցախի պետական մարմիններն ունեն իմ հստակ հանձնարարականը առավելագույնս աջակցելու այդ ջանքերին»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արդարադատության միջազգային դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ներկայացրած հայցով որոշել է, որ Ադրբեջանը պարտավոր է նախքան գործով  վերջնական որոշման կայացումը,  կոնվենցիայով  իր ստանձնած պարտավորությունների համաձայն, ձեռնարկել   իրենից կախված  բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան  տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով:

Հաագայի դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը՝ 2 ուղղություններով