Սթրեսի եւ մաշկային հիվանդությունների հետ կապված բողոքները սկսել են ավելանալ, դրանցից բողոքում են Թուրքիայի հարավարեւելյան շրջանների բնակիչները, որոնք ենթարկվել են ավերիչ երկրաշարժերի, գրել է Yeni Şafak թերթը։
«Կահրամանմարաշի երկրաշարժից հետո, որն անվանում են «դարի արհավիրք», որոշ հիվանդությունների բողոքները՝ կապված սթրեսի հետ, սկսել են ավելանալ։ Սթրեսի հետ կապված՝ ավելի հաճախ կարող է առաջանալ էկզեմա։ Էկզեմայի այդ տեսակը հայտնի է որպես մաշկային հիվանդություն, որն ուղեկցվում է մաշկի քորով։ Սթրեսային էկզեման, որն ավելի հաճախ հանդիպում է կանանց, քան թե տղամարդկանց մոտ, ժամանակի ընթացքում կարող է լուրջ հիվանդության վերածվել»,- գրել է պարբերականը։
Թուրքիայի հարավարեւելյան Կահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին՝ ինը ժամ տարբերությամբ, 7,7 եւ 7,6 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 11 նահանգներում եւ հարեւան պետություններում, այդ թվում Սիրիայում։ Վերջին տվյալներով՝ Թուրքիայում զոհվել է ավելի քան 44 հազար մարդ։




























