Թուրքիայի տնտեսական աճը 2022 թվականին կազմել է 5,6 տոկոս, ցույց են տվել երեքշաբթի պաշտոնական տվյալները, սակայն սպասվում է, որ ՀՆԱ-ն 2023 թվականին զգալիորեն կնվազի մինչեւ 2,8 տոկոս՝ երկրի հարավում լայնածավալ ավերածություններ առաջացրած երկրաշարժերի պատճառով, հաղորդում է Reuters-ը:
Թուրքիայի տնտեսությունը սկսել է «սառչել» 2022 թվականի երկրորդ կեսին ՝ կապված ներքին եւ արտաքին պահանջարկի նվազման հետ։
2022 թվականի չորրորդ եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 3,5 տոկոս՝ երրորդ եռամսյակում նվազելով վերանայված 4 տոկոսից եւ երկրորդ եռամսյակում ՝ 7,8 տոկոսից։
2022 թվականին ֆինանսական եւ ապահովագրական գործունեությունն աճել է 21,8 տոկոսով, որին հաջորդում է ծառայությունների ոլորտը, որն աճել է 11,7 տոկոսով, ցույց են տվել Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալները։ Միակ անկումը գրանցվել է շինարարության ոլորտում, որը կրճատվել է 8,4 տոկոսով, ցույց են տվել տվյալները։
Աճի դանդաղեցմանը հակազդելու համար Կենտրոնական բանկը անցյալ տարվա վերջին իջեցրել է տոկոսադրույքը 500 բազիսային կետով, իսկ հետո եւս 50 բազիսային կետով՝ մինչեւ 8,5 տոկոս անցյալ շաբաթ՝ երկրաշարժերից հետո աճը պահպանելու համար:
Համախառն ներքին արդյունքի աճը 2023 թվականին ակնկալվում է 2,8 տոկոս՝ ըստ Reuters-ի հարցման։ Կանխատեսումները տատանվում էին 1,2-3,9 տոկոս։
Հունվարին երկրաշարժերից առաջ անցկացված հարցման արդյունքում 2023 թվականին տնտեսական աճի միջին կանխատեսումը կազմել է 3 տոկոս։
Փետրվարի 6-ին տեղի ունեցած երկու երկրաշարժերը մոտ 34,2 միլիարդ դոլարի ուղղակի ֆիզիկական վնաս են պատճառել, սակայն երկրի վերակառուցման եւ վերականգնման ընդհանուր ծախսերը կարող են կրկնակի բարձր լինել, երկուշաբթի հայտնել է Համաշխարհային բանկը:




























