Հունաստանում ձերբակալվել է երկաթուղային կայարանի պետը՝ Տեմպիում ուղեւորատար եւ բեռնատար գնացքների բախումից հետո, որի հետեւանքով զոհվել է 36 մարդ, հաղորդում է ERT հանրային հեռուստաընկերությունը։
Նշվում է, որ Hellenic Trains կայարանի պետը վթարի հիմնական պատասխանատուն է։ Մարտի 1-ի առավոտյան տղամարդը կանչվել է դատարան՝ ցուցմունք տալու։ Նա պետք է բացատրեր, թե ինչու ուղեւորատար գնացքը ավելի քան մեկ ժամ կանգնել է Պալեոֆարսալոսի կայարանում, ինչպես նաեւ այն, թե ինչու են երկու գնացքները հայտնվել հանդիպակաց նույն գծերի վրա։
Նաեւ Լարիսայի ճանապարհային երթեւեկության վարչություն է կանչվել երկաթուղու աշխատակիցը, որը պատասխանատու է ռելսերի դիրքի ճշգրտման համար: Ներկայումս վարչությունն իրականացնում է նախաքննություն եւ հավաքում է դեպքի վերաբերյալ գործի նյութերը:
Ցուցմունք են տվել նաեւ Hellenic Trains-ի ներկայացուցիչը եւ մեքենավարներն ու դիսպետչերները։ ERT-ի տվյալներով՝ հետաքննությունը փորձում է պարզել, թե արդյոք ողբերգությունը տեղի է ունեցել մարդկային գործոնի կամ տեխնիկական սխալների պատճառով։
Հունաստանի քրեական օրենսգիրքը նախատեսում է մինչեւ ցմահ ազատազրկում երկաթուղային աղետի մեղավորության դեպքում։
Մարտի 1-ի գիշերը Լարիսա քաղաքից ոչ հեռու գտնվող Տեմպի քաղաքում բեռնատար եւ ուղեւորատար գնացքներ են բախվել։ Բախման հետեւանքով հրդեհ է բռնկվել, երեք վագոն դուրս է եկել ռելսերից։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 36, հոսպիտալացվել 66 մարդ։ Նրանցից 6-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։




























