Հունաստանում, Լարիսա քաղաքից ոչ հեռու տեղի ունեցած ուղեւորատար եւ բեռնատար գնացքների բախման զոհերի թիվը հասել է 57 մարդու, գրել է Protothema պորտալը։
«Հաստատված զոհերի թիվը, որոնք ներկա պահին հանվել են ուղեւորատար գնացքի բեկորների տակից, կազմում է 57 մարդ»,- նշվել է հաղորդագրությունում։
ԶԼՄ-ների տվյալներով՝ 48 տուժած տեղափոխվել է հիվանդանոց, վեց հոգի վերակենդանացման բաժանմունքում է։ Տեղեկացվել է նաեւ 56 անհետ կորածի մասին։
Ընթանում է զոհվածների ինքնությունը պարզելու գործընթաց։ Փրկարարական աշխատանքները վթարի վայրում շարունակվում են։
Բեռնատար եւ ուղեւորատար գնացքները մարտի 1-ի գիշերը բախվել են Լարիսա քաղաքի մոտ գտնվող Թեմպի փոքրիկ քաղաքում։ Բախման հետեւանքով հրդեհ է սկսվել, երեք վագոն դուրս է եկել ռելսերից։





























