Միլոշ Զեմանը թողնում է Չեխիայի նախագահի պաշտոնը։ Չորեքշաբթի լրանում է պետության ղեկավարի երկրորդ հնգամյա մանդատի ժամկետը, եւ հաջորդ օրը՝ հինգշաբթի, «Պրաժսկի գրադում» տեղի կունենա նրա հաջորդի՝ բանակի պաշտոնաթող գեներալ Պետր Պավելի երդման արարողությունը։

Չեխ շատ քաղաքագետներ եւ ԶԼՄ-ներ քննադատաբար են գնահատում Զեմանի տասնամյա նախագահությունը, հատկապես նրա արտաքին քաղաքականությունը։ Նա սկզբում հանդես է եկել Ռուսաստանի հետ Չեխիայի հարաբերությունների զարգացման օգտին, առաջին հերթին՝ տնտեսական ոլորտում, բայց 2022թ. փետրվարի 24-ից հետո տրամագծորեն փոխել է մոտեցումը։ Նրան նաեւ քննադատում են «չինամետ դիրքորոշման» համար։ Չեխական ռադիոն այս առնչությամբ հիշեցրել է, որ նա խոստացել էր ազգային տնտեսությունում ներգրավել 230 մլրդ կրոն (մոտ 10,2 մլրդ եվրո)՝ որպես ներդրումներ Չինաստանից, բայց իրականում կապիտալ ներդրումներն աննշան էին։

Երեքշաբթի 78-ամյա Զեմանը դուրս է եկել Լանայի պալատից, որը պետության ղեկավարի քաղաքամերձ նստավայրն է Պրահայի համանուն վայրի մոտ։ Զեմանը տեղափոխվել է պալատի կողքին կառուցված սեփական վիլլա։ Նրան ցմահ պետք է ծառայի իրեն կցված ավտոմեքենան՝ վարորդի հետ միասին, նա ստանալու է թոշակ եւ պետության կողմից հատկացվող միջոցներ օգնական-ասիստենտ պահելու համար։ Ինչպես նշել է քաղաքական գործիչը, այդ օգնականը նրա կինն է՝ Իվանա Զեմանովան։