Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն չորեքշաբթի մեկնել է Հնդկաստան՝ ձգտելով ամրապնդել երկու երկրների հարաբերությունների զարգացումը՝ խորացնելով առեւտրային, ներդրումային եւ պաշտպանական կապերը, հայտնում է Reuters-ը։
Ալբանեզեի եռօրյա այցը տեղի է ունենում Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի այցից ընդամենը մի քանի օր առաջ, այսպես կոչված քառյակի եւս մեկ անդամի, որը ձգտում է հակազդել Չինաստանի աճող գերիշխանությանը հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
Քառյակում ընդգրկված են ԱՄՆ-ն, Հնդկաստանը, նաեւ Ավստրալիան եւ Ճապոնիան։ Ավստրալիան տարեվերջին Սիդնեյում պետք է քառյակի առաջնորդների գագաթաժողով անցկացնի։
Անցյալ տարի Հնդկաստանը եւ Ավստրալիան ստորագրեցին ազատ առեւտրի համաձայնագիր, որը կոչվում է Տնտեսական համագործակցության եւ առեւտրի համաձայնագիր (ECTA):
Սակայն, շատ ավելի մեծ Համապարփակ տնտեսական համագործակցության համաձայնագիրը բանակցությունների սեղանին է մնացել ավելի քան մեկ տասնամյակ: Քննարկումը սկսվել էր 2011 թվականին, սակայն 2016 թվականին դադարեցվել, քանի որ բանակցությունները փակուղում էին հայտնվել:
Բանակցությունները վերսկսվել էին 2021 թվականին, սակայն համաձայնագիր այդպես էլ չէր կնքվել։ Ավստրալիայի առեւտրի եւ զբոսաշրջության նախարար Դոն Ֆարելը Ալբանեզեի պատվիրակության կազմում է, եւ ակնկալվում է, որ նրա այցը հնարավորություն կտա արագացնել հավակնոտ գործարքի կնքումը:
2021 թվականին երկկողմ առեւտրի ծավալը կազմել է 27,5 միլիարդ դոլար: Հնդկաստանը պնդում է, որ ECTA-ի համաձայն, այն հինգ տարվա ընթացքում կարող է գրեթե կրկնապատկվել մինչեւ 50 միլիարդ դոլար:
Ալբանեզեն իր այցը կսկսի վարչապետ Նարենդրա Մոդիի հայրենի Գուջարաթ նահանգի արեւմտյան Ահմադաբադ քաղաքում, որտեղ երկու երկրների ղեկավարները ներկա կլինեն Մոդիի անվան մարզադաշտում երկու երկրների միջեւ չորրորդ եւ վերջին թեստային կրիկետի հանդիպման բացմանը:
Այնուհետ Ալբանեզեն կմեկնի Մումբայ, որտեղ նա կլինի առաջին օտարերկրյա առաջնորդը, ով կբարձրանա հնդկական արտադրության INS Vikrant ավիակրի վրա: Ավիակիրը Հնդկաստանի ռազմածովային ուժերի կազմում է հայտնվել սեպտեմբերին:
Ուրբաթ Նյու Դելիում Ալբանեզեի եւ Մոդիի հանդիպումը կլինի առաջինը՝ անցած տարի երկու երկրների կողմից հայտարարված ամենամյա գագաթաժողովի շրջանակում:




























