Ֆիլիպինների ափային պահպանությունը սկսել է իրականացնել Հարավչինական ծովում Չինաստանի «ագրեսիվ գործողությունները» հայտարարելու ռազմավարություն, ինչը «կդիմակայի չինական քարոզչությանն ու առաջ կբերի միաջզգային դատապարտում՝ Պեկինին ուշադրության կենտրոնում պահելով», չորեքշաբթի ասել է Ֆիլիպինների ափային պահպանության ղեկավար Ջեյ Տարիելան, տեղեկացրել է The Associated Press-ը։
Երկրի ափային պահպանությունն ուժեղացրել է պարեկումը ջրում եւ լրացուցիչ ջանքեր է գործադրում ռազմավարական ջրերում Չինաստանի գործողությունները հրապարակելու համար, ներառյալ փետրվարի 6-ի միջադեպը, երբ, Մանիլայի հավաստիացմամբ, Չինաստանի ափային պահպանության նավը ռազմական դասի լազերն ուղղել էր ֆիլիպինյան պարեկանավի անձնակազմի վրա՝ կարճ ժամանակով կուրացնելով նրա որոշ անդամներին վիճելի ջրատարածքում։
Երկրի նախագահ Ֆերդինանդ Մարկոս-կրտսերը կանչել է Չինաստանի դեսպանին եւ ավելի ուշ հայտարարել, որ ֆիլիպինցի զինվորականներն իրենց ուշադրությունը «մուսուլման եւ կոմունիստ ապստամբներից եւ ներքին սպառնալիքների դեմ պայքարից» տեղափոխել են արտաքին պաշտպանություն՝ Հարավչինական ծովում ձգձգված տարածքային վեճերի համատեքստում։
Տարիելան Մանիլայի համաժողովում ունեցած իր ելույթում (Հարավչինական ծովի «գորշ գոտու» մասին) օգտագործել է Հարավչինական ծովի արեւմտյան ափի իր տեղամասի ֆիլիպինյան անվանումը։
Մինչ այդ Չինաստանը հայտարարել էր, որ ֆիլիպինյան պարեկանավը ներխուժել է չինական տարածք եւ որ չինական ափային պահպանությունը գործել է «պրոֆեսիոնալ եւ զուսպ» եւ օգտագործել է անվնաս լազեր ֆիլիպինյան նավի տեղաշարժը ստուգելու համար։
Չնայած Ֆիլիպինների նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեի եւ նրա հաջորդի՝ Մարկոս-կրտսերի բարեկամական ժեստերին Պեկինի հանդեպ, որոնք հունվարին այցելել էին Պեկին եւ հանդիպել նախագահ Սի Ծինփինի հետ, լարվածությունը պահպանվում է, ինչը հանգեցրել է ռազմական դաշինքի ամրապնդմանը Ֆիլիպինների եւ ԱՄՆ-ի միջեւ։





























