Հունգարիայի իշխող կուսակցության պատգամավորները, որոնք մեկնել են Ֆինլանդիա եւ Շվեդիա, չեն կարողացել հաստատել Հունգարիայի խորհրդարանի կողմից ՆԱՏՕ-ին հյուսիսային երկու երկրների ընդունելության հարցի առաջիկա վավերացման ամսաթիվը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով պատվիրակության ղեկավարին:

Շվեդիան եւ Ֆինլանդիան անցյալ տարի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ էին ներկայացրել Ուկրաինա ռուսական զորքերի մտնելուց հետո: ՆԱՏՕ-ի բոլոր 30 անդամները պետք է վավերացնեն հայտերը, իսկ Հունգարիան, ինչպես նաեւ Թուրքիան հետաձգում են դրանց հաստատումը։

«Սա խոստումնալից սկիզբ է, որը, սակայն, չի խոսում այն մասին, թե երբ եւ ինչ որոշում կկայացվի»,-Reuters-ին ասել է Հունգարիայի ներկայացուցիչների պալատի փոխխոսնակ Չաբա Հենդեն, որը ներկայացնում է իշխող Fidesz կուսակցությունը։

«Սովորաբար խորհրդարանում որոշումների ընդունման մեխանիզմով առաջարկն անցնելու համար 5-6 շաբաթ է պահանջվում։ Դա կանոն չէ, դա սովորական ընթացակարգ է»,-հավելել է նա։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Fidesz կուսակցությունը հայտարարել է, որ մտադիր է աջակցել վավերացմանը, սակայն Հենդեն ասել է, որ դեռ պետք է աշխատի, որպեսզի փարատի իր որոշ գործընկեր խորհրդարանականների կասկածները:

«Ես աշխատում եմ, որպեսզի մեծամասնությունը աջակցի վավերացմանը»,-ասել է նա։

Հունգարիայում խորհրդարանում վավերացման գործընթացը կասեցվել է հուլիսից, իսկ փետրվարին Օրբանը Ֆինլանդիային եւ Շվեդիային մեղադրել Է Հունգարիայում ժողովրդավարության որակի եւ օրենքի գերակայության մասին «բացահայտ սուտ» տարածելու մեջ:

Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակ Մաթի Վանհանենն ասել է, որ հունգարական պատվիրակությունը ոչ մի պայման չի դրել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի հայտը վավերացնելու համար:

«Նրանք լիովին ընդունել են, որ Ֆինլանդիան համապատասխանում է ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին, եւ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հարցը կդիտարկեն բացառապես ՆԱՏՕ-ին անդամակցության հետ կապված չափանիշներով»,-ասել է նա։