Իրանի Իսլամական Հանրապետությունը նախազգուշացնում է, որ բոլոր պետությունները պետք է խելամիտ գործեն իսրայելական կեղծ ռեժիմի վարքագծի նկատմամբ եւ թույլ չտան Իսրայելին ոտք դնել կովկասյան տարածաշրջան։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը իր թուրք գործընկեր Մեւլյութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է Mehr-ը: 

Ամիր Աբդոլլահիանը ցավակցություն եւ համերաշխություն է հայտնել թուրք ժողովրդին եւ կառավարությանը՝ վերջերս տեղի ունեցած մահացու երկրաշարժի կապակցությամբ:  

Երկրաշարժի առաջին ժամերից Իսլամական հեղափոխության առաջնորդը եւ Իրանի նախագահը խստագույնս հրամայել են օգնել Թուրքիայի մուսուլման ժողովրդին, ասել է նա եւ հավելել, որ Իրանի Կարմիր մահիկը, բանակը եւ ԻՀՊԿ-ն մտել են երկրաշարժից տուժած շրջաններ եւ առաջարկել իրենց ծառայությունները, տրամադրել կացարան եւ բժշկական օգնություն: 

«Այսօր մենք կարեւոր բանակցություններ ենք վարել տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների զարգացման կարեւորության շուրջ»,-ասել է նա՝ հավելելով, որ վերջին տարիներին իրանա-թուրքական առեւտրի ծավալներն ավելացել են: 

«Մեր գլխավոր խնդիրներից մեկը բնապահպանական եւ ջրային հարցերն են, եւ մենք համաձայն ենք Արաքս գետի նկատմամբ Իրանի եւ երկրի արեւմտյան շրջանների բնակչության մշտական հասանելիության կարեւորության հետ»,-նշել է նա։ 

«Երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանային տրանսպորտային միջանցքներին, ներառյալ Իրանի եւ Թուրքիայի միջեւ միջանցքներին, մենք տարածաշրջանային մրցակցության փոխարեն շեշտը դնում ենք տարածաշրջանային գործընկերության վրա»,-նշել է Աբդոլլահիանը: 

Իրանի ԱԳ նախարարը նաեւ հաստատել է Թեհրանի դիրքորոշումը կովկասյան տարածաշրջանում իսրայելական ներկայության վերաբերյալ: 

«Մենք տարածաշրջանում սիոնիստների ներկայությունը լուրջ սպառնալիք ենք համարում տարածաշրջանի խաղաղության եւ կայունության համար»,-ասել է նա։  

Իրանի Իսլամական Հանրապետությունը բոլոր կողմերին զգուշացնում է «խելամիտ գործել իսրայելական կեղծ ռեժիմի վարքագծի նկատմամբ եւ թույլ չտալ Իսրայելին ոտք դնել տարածաշրջանի տարածք», նշել է նա։ 

Անդրադառնալով Անկարայի եւ Բաղդադի միջեւ վերջերս ձեռք բերված համաձայնությանը՝ նա ասել է, որ Իրանը ողջունում է մասնակցությունը Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Սիրիայի ցանկացած քառակողմ հանդիպմանը: 

«Մենք նաեւ կոնսենսուսի ենք հասել Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ եռակողմ հանդիպման անցկացման հարցում»,-հավելել է նա։