Չորեքշաբթի օրը Հունաստանում տասնյակ հազարավոր մարդիկ երթի են դուրս եկել՝ բողոքելով երկրի պատմության մեջ ամենամահաբեր երկաթուղային աղետի դեմ, իսկ աշխատակիցները համազգային բազմօրյա գործադուլ են կազմակերպել, հաղորդում է Reuters-ը:

Փետրվարի 28-ին տեղի ունեցած վթարը 57 մարդու կյանք է խլել եւ առաջացրել է հասարակության վրդովմունքը երկաթուղային ցանցի քայքայված վիճակի վերաբերյալ:

Գործադուլավոր աշխատողները տեղի ունեցածի պատճառ համարում են տարիներ շարունակ ամայացումը, անբավարար ներդրումները եւ աշխատակիցների պակասը, ինչը Հունաստանի տասնամյա պարտքային ճգնաժամի ժառանգությունն է:

Ավելի քան 40 000 մարդ, այդ թվում՝ տրանսպորտի աշխատողներ, ուսանողներ եւ ուսուցիչներ, երթով անցել են Աթենքի կենտրոնով՝ վանկարկելով «Մարդասպաններ» եւ «Մենք բոլորս մի վագոնում ենք»:

Բախումներ են տեղի ունեցել մի խումբ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ, իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել։

Հազարավոր մարդիկ դուրս են եկել նաեւ Հունաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Սալոնիկի փողոցներ, որտեղ մի խումբ ցուցարարներ քարեր են նետել կառավարության շենքի վրա։ Բողոքի ցույցերը համընկել են տարբեր ոլորտների 24-ժամյա գործադուլի հետ, որը խաթարել է երթեւեկությունը ողջ երկրում: