Մինչեւ մարտի վերջը Ուկրիանային ԵՄ ռազմական օգնության առաքելությունը կուսուցանի 11 հազար ուկրաինացի զինվորների, իսկ տարեվերջին նրանց թիվը կավելանա՝ հասնելով 30 հազարի, ասել է ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մամուլի ասուլիսում, որը տեղի է ունեցել Ստոկհոլմում, ԵՄ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո, նշվել է «Արեւելյան գործընկերության» պաշտոնական կայքում։
Բորելի խոսքով՝ բոլոր անդամ պետությունները գոհ են արդյունքներից, որոնք ձեռք են բերվել այս ուսումնական առաքելության ընթացքում, եւ «պատրաստ են ավելին անել, մանավանդ երբ տանկեր են գալիս Ուկրաինա, եւ դրանց անձնակազմերը պետք է ուսուցանվեն»։
Նշվել է, որ Բորելն առաջարկել է ԵՄ-ի պաշտպանության նախարարներին 1 մլրդ եվրո հատկացնել Խաղաղության եվրոպական հիմնադրամի (EPF) միջոցով՝ փոխհատուցելու համար Ուկրաինա զինամթերքների մատակարարումը ԵՄ-ի երկրների ազգային պահուստներից։
Բացի այդ, նա նշել է, որ անհրաժեշտ է համաձայնեցնել արդյունաբերությանը ներկայացվող պահանջների ընդհանուր փաթեթը՝ վերսկսելու համար եւս 1 մլրդ եվրո արժողությամբ 155 միլիմետրանոց զինամթերքների գնումը Եվրոպական պաշտպանական գործակալության միջոցով։ Նրա խոսքով՝ նման մոտեցումը թույլ կտա իջեցնել արտադրանքի մեկ միավորի գինը եւ կրճատել առաքման ժամկետը։
«Արեւելյան գործընկերությունը» Եվրամիության նախագիծն է, որի հիմնական հայտարարված նատակն է Եվրամիության ինտեգրացիոն կապերի զարգացումը նախկին ԽՍՀՄ-ի վեց երկրների (Ադրբեջան, Հայաստան. Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) հետ։ 2022թ. Բելառուսի անդամակցությունը դադարեցվել է։





























