Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ 2022թ. արեւմտյան պատժամիջոցները հարվածել են երկրի գրեթե բոլոր կարեւոր արտահանական ճյուղերին, բայց ոչ տնտեսապես, ոչ քաղաքականապես չեն ընկճել եւ չեն ընկճի մեր երկրին, նրա խոսքերը մեջբերել է «ԲելՏա» պետական գործակալությունը։
Բելառուսի նախագահի խոսքով՝ տուժել են գրեթե բոլոր կարեւոր արտահանական ճյուղերը, սպառման ավանդական շուկաների 40 տոկոսը, տրանսպորտային-լոգիստիկ միջանցքները եւ բանկային հաշիվների համակարգը։
Նա ընդգծել է, որ պատժամիջոցները դարձել են ոչ թե պարզապես Բելառուսի տնտեսությունը կաթվածահար անելու ցանկություն, այլ «անխիղճ, պլանաչափ փորձ՝ սովորական մարդկանց զրկելու գոյության միջոցներից», առաջ բերելու սոցիալական պայթյուն, որը կդներ աշխարհի քաղաքական քարտեզին այնպիսի երկրի մնալու հարցը, ինչպիսին է Բելառուսը։
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. կմնա՛։ Եվ միայն ավելի ամուր կլինի»,- ասել է Բելառուսի նախագահը Նախարարների խորհրդի նիստում։
Լուկաշենկոն նաեւ նշել է, որ խելացի պատժամիջոցներ չկան, դրանք անդրադառնում են հասարակության առավել խոցելի շերտերի վրա։ Նախագահը նշել է, որ արեւմտյան սահմանափակումներից ամենից շատ տուժել են նավթավերամշակման, կալիումի եւ ծխախոտի ճյուղերը։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ այդ ոլորտները պետք է վերականգնեն արտադրության ծավալները եւ որոնեն այլընտրանքային շուկաներ, իսկ պատժամիջոցների չենթարկված ճյուղերը՝ 5-ական տոկոսով ավելացնեն արտադրությունը եւ աշխատեն առավելագույն բեռնվածությամբ։




























