Ֆրանսիայի իշխանությունները չեն հրաժարվի կենսաթոշակային բարեփոխումների իրականացումից՝ չնայած երկրում շարունակվող բողոքի ցույցերին։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։
«Մենք մտադիր չենք հրաժարվել կենսաթոշակային համակարգի բարեփոխումից, քանի որ այն չափազանց կարեւոր է մեր սոցիալական կյանքի ապագայի համար»,- LCE հեռուստաալիքի եթերում ասել է նա։
Վերանը նշել է, որ «իշխանությունները մի քանի ամիս է այս նախագծի վերաբերյալ խորհրդակցություններ են անցկացնում, մասնավորապես արհմիությունների հետ»։ «Մենք գնացինք զիջումների եւ ճշգրտեցինք բարեփոխումների դրույթները։ Այժմ նախագիծը ձայների մեծամասնությամբ ընդունվել է Սենատում, եւ այս շաբաթը որոշիչ է լինելու այս օրինագծի ճակատագրի համար»,- ընդգծել է կառավարության ներկայացուցիչը։
Մարտի 11-ին Սենատը հավանություն է տվել կառավարության առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների նախագծին։ Մարտի 15-ին օրինագծի վերջնական տարբերակը պետք է համաձայնեցնի Ազգային ժողովի յոթ պատգամավորներից (ստորին պալատ) եւ յոթ սենատորներից բաղկացած համատեղ հանձնաժողովը։




























