Վաշինգտոնը ելնում է այն բանից, որ Մոսկվայի մասնակցության դադարեցումը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման եւ սահմանափակման ռուս-ամերիկյան պայմանագրին (ՌՀՍՊ) իրավաբանորեն վավեր չէ։ Վաշինգտոնի կարծիքով՝ Մոսկվան նախկինի պես պարտավոր է կատարել այդ համաձայնագրի դրույթները։ Այս մասին նշվել է պետդեպարտամենտի հայտարարությունում։

«Ռուսաստանի կողմից հայտարարված՝ ՌՀՍՊ-ին մասնակցությունը դադարեցնելը իրավաբանորեն վավեր չէ։ Այս առնչությամբ Ռուսաստանը ըստ պայմանագրի՝ նախկինի պես պարտավորություններ ունի,- նշվել է փաստաթղթում։- ԱՄՆ-ը նախկինի պես պատրաստ է կառուցողական աշխատանքի Ռուսաստանի հետ՝ համաձայնագրի լիարժեք կատարման ուղղությամբ»։

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը հերթական անգամ ներկայացրելէ տարբերակ, որի համաձայն՝ ՌԴ-ն չի կատարել ՌՀՍՊ պայմանները եւ կարող է վերադառնալ դրան՝ թույլ տալով տեսչություն իրականացնել իր տարածքում, ինչպես նաեւ համաձայնելով հանդիպել Երկկողմ խորհրդատվական հանձնաժողովի հետ։ «Ռուսաստանը դադարեցրել է  ծանուցումներ տրամադրել, որոնք նախատեսված են պայմանագրով։ Պայմանագիրը պահանջում է յուրաքանչյուր կողմից ներկայացնել տեղեկություններ եւ ծանուցումներ, այդ թվում հաշվետվության ենթակա միջուկային ուժերի կարգավիճակի եւ տեղաշարժի մասին,- նշել է պետդեպարտամենտը։- Այս պարտավորությունների փոխադարձ կատարումը միջուկային կայունության կարեւոր բաղադրիչ է»։

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության տարբերակի համաձայն՝ «ոչինչ չի խանգարում Ռուսաստանին տեսչություն կատարել ԱՄՆ տարածքում՝ պայմանագրի շրջանակում։ «Նոր կորոնավիրուսային սահմանափակումների մեղմացումներից հետո ԱՄՆ-ը պարզ հասկացրել է Ռուսաստանին, որ պատրաստ է ընդունել ռուս տեսուչներին,- նշվել է փաստաթղթում։- Ռուսաստանն ունի ամերիկյան տարածքում տեսչություն իրականացնելուն անհրաժեշտ ամեն բան, եւ ԱՄՆ-ը կընդուներ տեսուչների խմբին՝ համաձայնագրի պայմաններին համապատասխան»։ Ամերիկյան կողմի տարբերակով՝ ՌԴ տեսուչներն ունեն «անհրաժեշտ վիզաները», ոչինչ չի խանգարում, որ նրանք ԱՄՆ գան։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ այդ, Դաշնային ժողովի ուղերձում նշել էր, որ Ռուսաստանը դադարեցնում է իր մասնակցությունը ՌՀՍՊ-ին, բայց դուրս չի գալիս պայմանագրից։ Պետության ղեկավարն ընդգծել էր, որ, մինչ պայմանագրի շրջանակում աշխատանքի շարունակման հարցի քննարկմանն անցնելը, ռուսական կողմը պետք է հասկանա, թե ինչպես են պայմանագրում հաշվառվելու ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ ՆԱՏՕ-ի մյուս միջուկային տերությունների՝ Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի զինանոցները։