Ռուսաստանը բարեկամ երկրների հետ պետք է զարգացնի սեփական արտադրական հզորությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Առաջին հերթին հենց սեփական տեխնոլոգիական բազայի հիման վրա, այդ թվում՝ բարեկամ երկրների հետ համագործակցությամբ, մենք պետք է ավելացնենք արտադրական հզորությունները, նոր ձեռնարկություններ բացենք, աշխատատեղեր ստեղծենք երկրի ողջ տարածքում։ Ես հիանալի հասկանում եմ այն սպառնալիքները, որոնք տեղի են ունենում եւ այն, ինչ մեզ մատնանշում են չարակամները՝ խոսելով այն մասին, որ միջնաժամկետ հեռանկարում Ռուսաստանը խնդիրներ կունենա։ Այո, դա այնպիսի սպառնալիք է, որը պետք է նկատի ունենալ»,-ասել է նա։
Նա հավելել է, որ ՌԴ-ն կհաղթահարի այդ սպառնալիքը, քանի որ դա միջնաժամկետ հեռանկար է։
«Կոչ եմ անում ձեզ չսպասել, թե երբ կգան այդ միջնաժամկետ հեռանկարի բացասական հետեւանքները, պետք է գործել հենց հիմա»,-նշել է Պուտինը:





























