ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) դասավանդողների վերապատրաստման ծրագրի մեկնարկի մասին:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 2023 թ. վերապատրաստման դասընթացները կանցկացվեն հուլիսի 2-29-ը:

Վերապատրաստումը կընթանա ՀՀ ԿԳՄՍ նախարարության հաստատած տարբերակված մեկամսյա հետևյալ 7 ծրագրով՝

Ուսուցում մանկապարտեզում

Ուսուցում մեկօրյա դպրոցում

Տարրական ուսուցում

Հայոց լեզվի և գրականության դասավանդում

Հայոց պատմություն և մշակույթի պատմություն

 Պարարվեստ

 Տնօրենների վերապատրաստում

Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության վկայագրեր:

Ծրագրի ընթացքում դասընթացների կազմակերպման, ուսուցիչների կեցության, թանգարանային այցելությունների և շրջագայության ծախսերը, ծրագրի բացման օրվանից մինչև փակման օրը, ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը, ներառյալ օդանավակայանից մինչև հյուրատուն, և Հայաստան մուտքի արտոնագրի (վիզա), բժշկական ճանապարհորդական ապահովագրության ծախսերը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները, կրթօջախները, բարերարները:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 28-ը ներառյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել ուսուցչի կողմից լրացված և կրթօջախի տնօրինության կողմից վավերացված հայտը (հայտաձևը և ծրագիրը կցվում են):

Հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնից՝ հեռ. +374 10 59-96-47, 374 91-71-61-62 (What՛s App, Viber), էլ. փոստ՝ [email protected]: