Հայաստանի անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել աշխարհի տարբեր ծագերում:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ, մասնավորապես,  Շվեյցարիայում, դեռեւս հուլիսի 28-ին, Լոկառնո քաղաքում տեղի է ունեցել հայ երիտասարդ նկարչուհիների աշխատանքների ցուցահանդես: Օգոստոսի 18-21-ին Աարաու քաղաքում «One minute» կինոփառատոնի շրջանակներում Շվեյցարիայի Օբերենթֆելդըն համայնքի Հայ դպրոցական եւ ընտանեկան միության սրահում տեղի է ունեցել «Պապիկ» ֆիլմի ցուցադրությունը: Ցուցադրվել է նաեւ «Մեր Հայաստան» վավերագրական ֆիլմը եւ կազմակերպվել գեղանկարիչ Արմեն Վահրամյանի նկարների ցուցահանդեսը: Օգոստոսի 25-ին Լոկառնոյում Շվեյցարիայի իտալախոս հանդիսատեսի համար կազմակերպվել է Հայաստանին նվիրված ֆիլմերի ցուցադրություն:

Օգոստոսի 26-27-ը Ցյուրիխում անցկացվել է հայկական մշակութային փառատոն: Փառատոնի ծրագրում ընդգրկված էր Երեւանի մնջախաղի պետական թատրոնի ներկայացումը, «Արմենոիդս» մոդեռն ֆոլկ երաժշտական խմբի համերգը, նկարչուհի Ագնես Ավագյանի նկարների եւ Մերի Ուոթչերի ֆոտոնկարների ցուցահանդեսները:

Սեպտեմբերի 21-ին, մայրաքաղաք Բեռնում` երկրի Դաշնային պալատում կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն Շվեյցարիայի Դաշնային խորհրդի եւ պետական խորհրդի պատգամավորների, ԱԳ Դաշնային դեպարտամենտի պաշտոնյաների, հայկական համայնքային կառույցների ղեկավարների, հասարակական գործիչների մասնակցությամբ:

Միջոցառմանն ընթերցվել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շարլ Ազնավուրի ուղերձը, որում նշվում էին անցած 20 տարիների ընթացքում Հայաստանի ձեռքբերումները, անկախության հասնելու ճանապարհին հաղթահարած դժվարությունները:

ՀՀ անկախության 20-ամյակը նշվել է նաեւ Ճապոնիայում, Լիբանանում,Բելառուսում եւ այլ երկրներում:

Սեպտեմբերի 20-ին, ԱՊՀ քարտուղարության շենքում ԱՊՀ կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպել էր ցուցահանդես, որին ներկա էին Մինսկում հավատարմագրված դեսպաններ եւ դիվանագետներ, ԱՊՀ գործադիր քարտուղարության աշխատակիցներ, ԶԼՄ-ի ներկայացուցիչներ: Միջոցառմանը ելույթ են ունեցել ԱՊՀ եւ այլ կանոնադրական կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, ինչպես նաեւ ԱՊՀ քարտուղարության պատասխանատու աշխատակիցներ, ովքեր բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետության դերը ԱՊՀ կառույցներում:

Իր ելույթում ՀՀ դեսպանը հյուրերին ներկայացրել է Հայաստանի 20-ամյա ուղին: Ողջույնի խոսքով հանդես է եկել Բելառուսի ԱԳ փոխնախարար Իգոր Պետրիշենկոն:

Ընդունելության ընթացքում տեղի է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների կողմից կազմակերպված տոնական համերգ: