Տրանսկասպյան գազատարի անցկացման նախագծի վերաբերյալ բանակցությունները ԵՄ-ն Ադրբեջանի եւ Թուրքմենստանի հետ կսկսի հոկտեմբերին, Բաքվում լրագրողներին ասել է ԵՄ Միասնական արտաքին քաղաքական ծառայության «Արեւելյան գործընկերության» հարցերով վարչության ղեկավար Գունար Վիգանդը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի դժգոհությանը, որը դեմ է Կասպից ծովում գազատարների շինարարությանը, Վիգանդը հայտարարել է. «Մենք ընդամենն ուզում ենք դիվերսիֆիկացնել մեր էներգոշուկան։ Ադրբեջանն, ինչպես Ռուսաստանը եւ այլ երկրներ, ցանկանում է դիվերսիֆիկացնել էներգապաշարների իր արտահանումը»։ Նրա խոսքով, Ռուսաստանը հանդիսանում է եւ կմնա դեպի Եվրոպա գազի գլխավոր մատակարարը, հայտնում է Trend-ը։

Շուրջ 300 կմ երկարությամբ Տրանսկասպյան գազատարը նախատեսվում է կառուցել Կասպից ծովի թուրքմենական ափից մինչեւ ադրբեջանական ափ, ուր այն կմիանա Հարավային գազային միջանցքին։

Սեպտեմբերի 13-ին Ռուսաստանն ափսոսանք էր արտահայտել, որ ԵՄ խորհուրդը գազատարի կառուցման վերաբերյալ Եվրամիության, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի միջեւ բանակցությունների անցկացման մանդատ է հատկացրել։