Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խնդիրը Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելն է: Այդ մասին այսօր, սեպտեմբերի 23-ին հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: «Հիմա մենք ունենք այնպիսի հավաքական, որը մտնում է խաղադաշտ միայն հաղթելու համար: Նրանք այն տղաներն են, որոնք մի րոպե գլուխ չեն պահում: Խաղում են իրենց ուժերի առավելագույն հնարավորություններով: Խնդիր է դրված առաջիկա երկու խաղերում հաղթանակ տանել: Իմ երազանքն է հավաքականին տեսնել Ուկրաինայում եւ Լեհաստանում: Անելու ենք ամեն ինչ, որ ունենանք հաջողություն: Բայց ֆուտբոլը խաղ է, կարող է ինչ-որ բան եւ չստացվի»:
Հաղթանակների համար Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին պարգեւատրելու մասին Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց. «Այս տղաներին պարգեւատրումները չեն հետաքրքրում: Այս տղաները խաղում են երկրպագուների եւ երկրի համար: Այս ֆուտբոլիստները ծնվել եւ մեծացել են ակախ պետությունում, նոր մտածելակերպով տաղանդավոր երիտասարդներ են: Մեր հավաքականը առաջիկա վեց տարիներին կայուն ֆուտբոլ կխաղա: Պետքէ պահել հաղթողի հոգեբանությունը: Իհարկե հաճելի է երբ գնահատվում ես: Ես ասել եմ, որ ստանալու են իրենց արժանի պարգեւը: Իմ կարծիքով, ամենամեծ պարգեւը ժողովրդի գնահատականն է»,-հայտարարեց Ռուբեն Հայրապետյանը:
ՀՖՖ նախագահը նախկինում հայտարարել էր, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշար դուրս գալու դեպքում հավաքականը կստանա երեք միլիոն եվրո պարգեւավճար: Այդ գումարի աղբյուրի վերաբերյալ Ռուբեն Հայրապետյանը նշեց. «Մենք ունենք հայրենասերներ ու ֆուտբոլասերներ, որոնք զանգում են եւ ասում են, որ պատրաստ են պարգեւատրել: Օրինակ` Մաքսիմ Հակոբյանը զանգել էր խաղից հետո, նաեւ Օլեգ Մկրտչյանը (Դոնեցկի Մետալուրգի սեփականատեր) ցանկություն է հայտնել պարգեւատրել»:
Ռուսական մամուլի տարածած լուրը, թե քննարկվում է հայկական ակումբի մասնակցությունը ֆուտբոլի Ռուսաստանի առաջնությունում Ռուբեն Հայրապետյանը հերքեց` վստահեցնելով, որ նման քննարկում լինելու դեպքում առաջինն ինքը կհայտնի մամուլին:



























