Թուրքիայի Էդիրնե քաղաքի Թրակիայի համալսարանի ռեկտոր Էնվեր Դուրանը մտադիր է իր բուհում հայագիտության ամբիոն հիմնել եւ այս օրերին Հայաստանում է՝ հույսով, որ ատեսավորված եւ բարձր որակավորում ունեցող 3 հայագետների կգտնի, որոնք կհամաձայնեն աշխատել թուրքական համալսարանում։ Այս մասին թուրք պրոֆեսորն ասաց Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում՝ թուրքագիտության բաժնի ուսանողների հետ, սեպտեմբերի 23-ին կայացած հանդիպման ժամանակ:

«Երջանիկ եմ, որ Հայաստանում եմ։ Եկել եմ այստեղ՝ իմանալու՝ կարո՞ղ ենք համապատասխան որակավորմամբ հայագետներ գտնել եւ մեր համալսարանում հայոց լեզվի եւ գրականության ամբիոն հիմնել։ Սա մեզ համար շատ կարեւոր նախաձեռնություն է։ Սա մեծ նախագիծ է, որն իրականացվում է Թրակիայի համալսարանի եւ Ստամբուլի Գյոթեի ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ։ Աշխարհը գնալով փոքրանում է եւ ինչպես Հայաստանում են շատերը ցանկանում թուրքերեն սովորել, այնպես էլ Թուրքիայում մեծ թվով մարդիկ են ուզում հայերենին տիրապետել։ Միթե ավելի լավ չէ տեսնել հայի, ով լավ թուրքերեն է խոսում եւ հակառակը։ Բացի այդ, հայագիտության ամբիոն ցանկանում ենք հիմնել, որպեսզի Թուրքիայում բնակվող 50 հազար հայերը չկորցնեն իրենց լեզուն»,- նշեց Դուրանը՝ հավելելով. «Եթե կարողանանք սովորել մեկս մյուսի լեզուն, գուցե վերացնենք 2 ժողովուրդների միջեւ պատնեշները, լուծենք առկա խնդիրները»։

Նա նշեց, որ հայագետները, ովքեր կհամաձայնեն աշխատանքի անցնել թուրքական բուհում, կվարձատրվեն նույն չափով, որքան թուրք մասնագետները։ NEWS.am-ի հարցին՝ ծրագրի շրջանակներում բացառապես Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի՞ հետ են համագործակցում, թե նաեւ հայաստանյան այլ բուհերի, Էնվեր Դուրանը նկատեց. «Մենք խտրականություն չենք դնում։ Բանակցություններ վարում ենք նաեւ Երեւանի պետական համալսարանի հետ»։

Թուրք պրոֆեսորը նկատեց, որ վաղուց են փորձել հայագիտության ամբիոն հիմնել եւ որակյալ հայագետների փնտրում են շուրջ 4 տարի, սակայն դեռեւս շոշափելի հաջողության չեն հասել։ Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ տեղյա՞կ են արդյոք թուրքական իշխանությունները համալսարանի այս նախաձեռնությանը, Դուրանն ասաց. «Թուրքիան ժողովրդավար երկիր է, եւ ցանկացած ռեկտոր կարող է իր համալսարանում ցանկացած բաժին հիմնել. դա խնդիր չէ»։

Ամփոփելով՝ Թրակիայի համալսարանի ռեկտորը տեղեկացրեց, որ իրենց համալսարանում ուսանում են հունարեն, ալբաներեն, գերմաներեն , ռուսերեն եւ մի շարք այլ լեզուներ։ Կա նաեւ պատմագիտության ամբիոն, ուր պրոֆեսորի խոսքով, նաեւ հայոց պատմություն են սովորեցնում։