Արցախցի երեխաների եւ կանանց հանդեպ սադրանքը հավասարապես ուղղված է նաեւ ռուս խաղաղապահ զորակազմի դեմ։ Այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով նախօրեին տեղի ունեցած միջադեպը, երբ ադրբեջանցի զինվորականները թույլ չեն տվել Լաչինի միջանցքով անցնել Արցախ ուղեւորվող երեխաներին եւ կանանց։

«Ադրբեջանը ծաղրում է ոչ միայն խաղաղապահներին, այլեւ ծաղրում է Ռուսաստանին, Ռուսաստանի ղեկավարությանը։ Եթե պայմանավորվածություն կար՝ ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով են նրանք կանգնեցրել, ծաղրել կանանց ու երեխաներին։ Ադրբեջանցիները ծաղրուծանակի են ենթարկել արցախցի երեխաներին եւ կանանց ռուս խաղաղապահների ներկայությամբ։ Հասկանալով, որ խաղաղապահները ֆիզիկական հաշվեհարդար թույլ չեն տա, բայց կփորձեն խուսափել բացահայտ հակամարտությունից։ Բայց եթե ինչ-որ բան պատահեր, ո՞վ էր պատասխանատվություն կրելու, ի՞նչ իմիջային կորուստներ կկրեր Ռուսաստանը։ Վիթխարի։ Եվ հիմա էլ Ռուսաստանը իմիջի վիթխարի վնասներ է կրում։ Հենց դրան էլ ձգտում են Ադրբեջանը, Թուրքիան եւ մի շարք այլ երկրներ»,- փաստել է Դավիթ Բաբայանը։

Մարիամ Լեւինա