Աֆղանստանը վերահսկող Թալիբան շարժումը միջազգային հանրությանը կոչ է արել օգնել երկրի տարածքը մաքրել ականներից։
«Աֆղանստանն ավելի մեծ օգնության կարիք ունի ականների վնասազերծման համար: Տասնամյակների պատերազմներն ու անկայունությունը հազարավոր մարդկանց կյանքեր են խլել եւ հարյուր հազարավոր մարդկանց ստիպել լքել իրենց տները, մինչդեռ աֆղանական ընտանիքներն արդեն 40 տարվա հակամարտություն են վերապրել, վերջին կատաղի մարտերը իրենց հետեւում թողել են մահացու ինքնաշեն պայթուցիկ նյութերի նոր ալիք»,-ասվում է շարժման կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Թալիբները միջազգային կազմակերպություններին կոչ են անում «Աֆղանստանին միայնակ չթողնել ամբողջ երկրում այդ թաքնված թշնամուն արմատախիլ անելու իր ջանքերում եւ Աֆղանստանը հայտարարել տարածաշրջանում հակահետեւակային ականներից ազատ երկիր»,-ասվում է փաստաթղթում:
Թալիբները՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը, հայտնում են, որ 1989 թվականից ի վեր երկրում գրեթե 57 հազար քաղաքացիական անձ է զոհվել կամ վիրավորվել ցամաքային ականների պայթյունի եւ պատերազմի պայթյունավտանգ հետևանքների արդյունքում։





























