Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը և Mitsubishi Heavy Industries ընկերությունը 2,84 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ չորս պայմանագիր են կնքել հականավային հրթիռների, ինչպես նաև հրթիռների հիպերձայնային մարտագլխիկների ստեղծման և մշակման համար, հաղորդում են տարածաշրջանային լրատվամիջոցները:
Մասնավորապես, ըստ Ճապոնիայի պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրության, առաջին պայմանագրով նախատեսվում է Type 12 ցամաքային կառավարվող հականավային հրթիռների սերիական արտադրություն, իսկ դրանց մատակարարումները նախատեսված են 2026-2027 թվականներին։
Երկրորդ պայմանագիրը վերաբերում է Type 12 առաջադեմ հրթիռների մշակմանը՝ գետնից, նավից կամ ավիափոխադրողից արձակվելու հնարավորությամբ։
Այս զինատեսակների վրա աշխատանքները պետք է ավարտվեն 2027 թվականին։ Երրորդ համաձայնագիրը վերաբերում է հրթիռների համար հիպերձայնային կառավարվող մարտագլխիկների զանգվածային արտադրությանը՝ Ճապոնիայի հեռավոր կղզիները պաշտպանելու համար։
Ապրանքների մատակարարումները սպասվում են 2026-2027 թվականներին։ Չորրորդ պայմանագիրը վերաբերում է հեռահար հականավային կառավարվող հրթիռների մշակմանը, որոնք կարող են արձակվել սուզանավերից: Այս զինատեսակների վրա աշխատանքի ժամկետներն են 2023 - 2027 թվականները։
Լրատվամիջոցները նշում են, որ նման միջոցառումներն ուղղված են տարածաշրջանում Չինաստանի զսպմանը։





























