ԱՄՆ-ի հարյուրավոր, եթե ոչ հազարավոր զինվորականներ և պետական պաշտոնյաներ կարող էին հասանելություն ունենալ Պենտագոնի գաղտնի փաստաթղթերին, որոնք հրապարակվել էին առցանց: Այս մասին ապրիլի 10-ին հայտնել է The New York Times-ը՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի վկայակոչելով։
Հրատարակության զրուցակցի խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ հսկայական թվով մարդիկ հասանելություն են ունեցել հետախուզական նյութերին, համացանցում մնացած ապացույցները կարող են օգնել քննիչներին նեղացնել հնարավոր կասկածյալների շրջանակը։ Ինչպես թերթին պատմել է ահաբեկչության դեմ պայքարի բաժնի նախկին սպա Ջավեդ Ալին, համացանցում հրապարակված փաստաթղթերը սկզբում լուսանկարվել են, ապա՝ տեղադրվել համացանցում: Միևնույն ժամանակ, Ալին ընդգծել է, որ այդ տեսակի փաստաթղթերը, կանոնների համաձայն, պետք է էլեկտրոնային եղանակով պահվեին ինքնավար համակարգչային համակարգերում, որոնք տեղակայված են անվտանգ տարածքներում՝ հայտնի որպես SCIF (Գաղտնի տեղեկատվության մշակման կենտրոն):
«Արգելվում է նման տարածքներ բերել լուսանկարահանման, աուդիո ձայնագրման կամ տեսանկարահանման համար նախատեսված սարքեր։ Հետևաբար՝ այն մարդը, ով դա արել է, պետք է որ ամենաբարձր մակարդակի հասանելություն ունենար»,- նշել է Ալին։
Սակայն, նա հավելել է, որ հետաքննությունը, միևնույն է, արագ չի լինի, քանի որ քննիչները ստիպված են լինելու հարցաքննել հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր մարդկանց։





























