Վերջին շրջանում ահազանգեր են ստացվել Երեւան քաղաքի տարբեր հատվածներում եւ փողոցներում կատուների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին։  Մասնավորապես՝ քաղաքացու կողմից հաղորդում է ստացվել այն մասին, որ Դերենիկ Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի հարակից խաղահրապարակում նկատել է մորթազերծ արված կատվի։ Մեկ այլ քաղաքացի նույնաբնույթ հաղորդում է ներկայացրել առ այն, որ մորթազերծ արված կատու է տեսել Թումանյան փողոցում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից:

Բացի այդ, համացանցում, սոցիալական ցանցերում տեղադրվել են տեսանյութեր, որոնցում երեւում են ինչ-որ երիտասարդի կողմից ենթադրաբար կատուներին խեղդելու միջոցով սպանելու եւ փողոցում թողնելու հանգամանքներ։ ԶԼՄ առանձին հրապարակումներում տեղեկություններ են առկա նաեւ մայրաքաղաքի տարբեր փողոցներում որովայնը կտրված, ծակած անկենդան տասնյակ կատուների առկայության մասին։

Հաշվի առնելով, որ քաղաքացիներից, ինչպես նաեւ զանգվածային լրատվության միջոցների հրապարակման վերաբերյալ Ոստիկանությունից ստացված հաղորդումները պարունակում են կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի առերեւույթ հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի,  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժիններում ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է երեք քրեական վարույթ, որոնցով իրականացվում է նախաքննություն։

Քրեական նշված վարույթներից մեկով առկա են նախնական տվյալներ նման արարք կատարած անձի ինքնության վերաբերյալ, վերջինս Երեւանի բնակիչ է՝ ծնված 2000թ.-ին:

Դեպքերի հանգամանքները լիարժեքորեն պարզելու նպատակով իրականացվում են վարութային եւ ապացուցողական գործողություններ, հետաքննության մարմնին տրվել են դրանց բացահայտմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ։

ՀՀ քննչական կոմիտեն հետամուտ է լինելու կենդանիների նկատմամբ շարունակվող դաժանությունների առերեւույթ դեպքերի պարզմանը եւ հանցագործություն կատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելուն։

Կատուների նկատմամբ նմանատիպ այլ դրսեւորումների մասին տվյալներ ունեցող քաղաքացիներին խնդրում ենք դրանք տրամադրել իրավապահ մարմիններին եւ ակտիվորեն համագործակցել՝ հանցագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու նպատակով։