Բասկետբոլի տղամարդկանց Չինաստանի հավաքականն Ասիայի առաջնության եզրափակիչում 70:69 հաշվով հաղթեց Հորդանանի թիմին եւ չեմպիոնի տիտղոսից բացի նվաճեց նաեւ 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիրը, հաղորդում է cntv.cn-ը:

Բասկետբոլի օլիմպիական մրցաշարին կմասնակցի 12 հավաքական: 9 մասնակիցներն արդեն հայտնի են: Դրանք են Օլիմպիական խաղերի կազմակերպիչ Մեծ Բրիտանիան, 2010թ. աշխարհի չեմպիոն ԱՄՆ-ն, 2011թ. Աֆրիկայի չեմպիոն Թունիսը, 2011թ. Ամերիկայի չեմպիոն Արգենտինան եւ փոխչեմպիոն Բրազիլիան, 2011թ. Օվկիանայի չեմպիոն Ավստրալիան, 2011թ. Եվրոպայի չեմպիոն Իսպանիան եւ փոխչեմպիոն Ֆրանսիան եւ 2011թ. Ասիայի չեմպիոն Չինաստանը: Վերջին երեք ուղեգրերի տերերը հայտնի կդառնան 2012թ. հուլիսին կայանալիք ընտրական հանդիպումներում: