ԱՄՆ 17 նահանգների գլխավոր դատախազները կոչ են արել դաշնային իշխանություններին հետ կանչել հարավկորեական Kia և Hyundai միլիոնավոր մեքենաներ՝ դրանց գողության հեշտության պատճառով, հայտնում է Associated Press-ը։
Kia-ի և Hyundai-ի որոշ մոդելներ, որոնք վաճառվել են ԱՄՆ-ում վերջին 10 տարում, չունեն իմոբիլիզատոր, սարք, որը թույլ չի տալիս շարժիչը միացնել առանց բանալիի՝ ինչը ստանդարտ է մեքենաների մեծամասնության համար:
TikTok-ի օգտատերերը սոցցանցում հրապարակել են տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են Kia-ն և Hyundai-ն գործարկում պտուտակահանով և USB մալուխով: Արդյունքում այս մեքենաների գողությունների թիվը կտրուկ աճել է։
Կալիֆոռնիայի գլխավոր դատախազության տվյալներով՝ Լոս Անջելեսում Kia և Hyundai մեքենաների գողությունները 2022 թվականին աճել են մոտ 85%-ով: Քաղաքում գողացված յուրաքանչյուր հինգերորդ մեքենա այս հարավկորեական երկու արտադրողներից է:
Գողություններն արդեն հանգեցրել են 14 վթարի, որոնց հետևանքով մահացել է 8 մարդ, հայտնում է ԱՄՆ Ճանապարհների երթեւեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA)։
Kia-ն հայտարարել է, որ այս հարցն իրենց ուշադրության կենտրոնում է և «մենք շարունակում ենք քայլեր ձեռնարկել այս մտահոգությունները լուծելու համար»: Ընկերության տվյալներով՝ մեքենաները համապատասխանում են ԱՄՆ անվտանգության դաշնային չափանիշներին, և մեքենաների հետկանչ չի պահանջվում։
Kia-ի բաժնետոմսերը ուրբաթ օրը կայացած աճուրդում էժանացել են 1%-ով, Hyundai-ինը՝ 1,1%-ով։





























