Կատմանդուից մեկնած FlyDubai-ի ինքնաթիռը, որը բարձրություն հավաքելիս թռչնի է բախվել, այժմ նախատեսվածի պես թռչում է դեպի Դուբայ։ Ինչպես հայտնում է  РИА Новости-ն, այս մասին հաղորդում են Դուբայի կառավարության մամուլի գրասենյակից՝ հղում անելով ավիաընկերության ներկայացուցչին։ 

Ավելի վաղ հնդկական Ani գործակալությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, հաղորդել էր, որ FlyDubai ավիաընկերության ինքնաթիռը հրդեհվել է Կատմանդուի օդանավակայանում՝ բարձրություն հավաքելու պահին։ Flightradar կայքի տվյալներով՝ խոսքը Fly Dybai Boeing 737 ինքնաթիռի մասին է, որը FZ 576 չվերթով Կատմանդուից ուղևորվում է Դուբայ։ Դրանից հետո Նեպալի քաղաքացիական ավիացիայի ղեկավարությունը հաղորդել է, որ ինքնաթիռը սովորականի պես շարունակում է չվերթը Դուբայ։

«Կատմանդուի օդանավակայանից Դուբայի միջազգային օդանավակայան թռչող FlyDubai FZ 576 ինքնաթիռը Կատմանդուից թռչելիս բախվել է թռչնի։ Ստանդարտ ընթացակարգից հետո թռիչքը բնականոն հունով շարունակվում է դեպի Դուբայ, որտեղ վայրէջքը նախատեսված է տեղական ժամանակով 00.14-ին»,- ասվում է մամուլի ծառայության Twitter-ի գրառման մեջ։