Կանզասցի Ֆլոյդ Բլեդսոուն, ով 16 տարի բանտում է անցկացրել բռնաբարության ու սպանության մեղադրանքով, որոնք նա չի կատարել, 7,5 մլն դոլար կստանա այն շրջանից, որտեղ ձերբակալվել ու դատապարտվել է այդ հանցագործության համար, տեղեկացնում է The Associated Press-ը։
Անցյալ շաբաթ Ջեֆերսոն շրջանի հանձնաժողովի անդամները հաստատել են Ֆլոյդ Բլեդսոուի հետ հաշտության համաձայնագիրը, ով բանտից ազատվել էր 2015 թ․ այն բանից հետո, երբ ԴՆԹ անալիզը ցույց էր տվել, որ նա չէր կարող լինել 14-ամյա Քամիլա Արֆմանի սպանողը։
Բլեդսոուն սկզբնապես կստանա 1,5 մլն դոլար, իսկ մնացած գումարը կվճարվի հետագա 10 տարվա ընթացքում, տեղեկացնում է The Kansas City Star-ը։
Բլեդսոուն, որը հիմա 46 տարեկան է, 23 տարեկան է եղել, երբ 2000 թ․ դատապարտվել է աղջկա սպանության համար։ Նա կալանավորվել է, չնայած այն բանին, որ իր եղբայրը՝ Թոմը, խոստովանել է, որ ինքն է սպանել, հանձնվել է ոստիկանությանն ու ցույց է տվել աղջկա մարմնի տեղը։
Ըստ 2016-ին Բլեդսոուի ներկայացրած հայցի, Ջեֆերսոն շրջանի իշխանությունները համոզել են Թոմին հրաժարվել խոստովանությունից։
2015 թ․ ԴՆԹ անալիզը ցույց է տվել, որ հավանական մարդասպանը Թոմ Բլեդսոուն է։ Նույն տարի Թոմ Բլեդսոուն ինքնասպան է եղել, նախապես գրություն թողնելով, որում կրկին խոստովանել է, որ ինքն է սպանել Արֆմանին։




























