Կար ժամանակ, երբ Աշխատավորների միջազգային օրը Կուբայում նշվում էր շքերթներով, միլիոնավոր մարդկանց մասնակցությամբ, որոնք անցնում էին Հավանայի Հեղափոխության հրապարակով։ Սակայն այս երկուշաբթի հրապարակը դատարկ կլինի, քանի որ Կուբայի Կոմունիստական կուսակցությունը չեղարկել է այս տարվա տոնակատարությունը բենզինի սուր անբավարարության պատճառով, ինչը վնաս է հասցնում կզղեպետության տնտեսությանը, գրել է The Guardian-ը։

Մի քանի շաբաթ է՝ մարդիկ քնում են իրենց մեքենաներում, ավտոլցակայանների հերթի մեջ, որոնք մղոններ են ձգվում եւ օրեր տեւում։

Երկրի նախագահ Միգել Դիաս-Կանելը հայտարարել է, որ կղզին ստանում է իրեն անհրաժեշտ բենզինի միայն երկու երրորդը եւ որ անբավարարությունը պայմանավորված է նրանով, որ մատակարար երկրները չեն կատարում իրենց պայմանագրային պարտավորությունները։

Օսթինում Տեխասի համալսարանի Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ջրավազանի էներգետիկայի եւ շրջակա միջավայրի ծրագրի տնօրեն Խորխե Պինյոնի կարծիքով՝ սա ակնարկ է Վենեսուելային։ 2000 թվականից սոցիալիստական երկու երկրների միջեւ գործում է բարտերային փոխանակման համաձայնագիր։ Կուբան Վենեսուելա է ուղարկում բժիշկներ, ուսուցիչներ՝ հում նավթի դիմաց։ Այժմ այդ գործարքը, ըստ երեւույթին, խզվել է։

Կուբա Վենեսուելայի արտահանումը վերջին տասնամյակում կրճատվել է 50 տոկոսով, քանի որ նավթի ընդհանուր արդյունահանումը կրճատվել է կոռուպցիայի, անտնտեսվարության եւ պատժամիջոցների պատճառով։ Բայց պատերազմն Ուկրաինայում խաղի մեջ նոր դինամիկա է մտցրել։

Անցած տարվա նոյեմբերին նավթի կարիք ունեցող Վաշինգտոնը երկար տարիների ընթացքում առաջին անգամ Chevron-ին վենեսուելական նավթն ԱՄՆ արտահանելու լիցենզիա է տվել։

Դա դժվարացրել է Կուբայի վիճակը. կղզում հում նավթ շատ կա, բայց այն ցածրորակ է, եւ կղզու նավթավերամշակող գործարաններն ի վիճակի չեն վերամշակել այն։ Ըստ երեւույթին, ավելի լավորակ վենեսուելական նավթն այժմ գնում է ԱՄՆ։

Կուբան, որը կանխիկի հետ կապված խնդիրներ ունի, միջազգային շուկայում դժվարությամբ է գնում վառելիքը կամ անգամ այն նյութերը, որոնք կարելի կլիներ օգտագործել նավթը բենզինի վերածելու համար։

Տնտեսագետները նախազգուշացնում են, որ եթե իրավիճակը պահպանվի, պարենի գները կբարձրանան, իսկ արտադրողականությունն ավելի կընկնի։ Շաքարի բերքն այս տարի «խոստանում» է ամենավատը լինել հարյուրամյակի ընթացքում, այն բանից հետո, երբ դիզելային վառելիքի անբավարարության պատճառով շաքարեղեգը չհասավ նավթավերամշակող գործարաններ։