Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կարեւոր տեղ է զբաղեցնում: Այս մասին, սեպտեմբերի 27-ին, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Փարիզում, Ֆրանսիայի խորհրդարանականների հետ աշխատանքային ընթրիքի ժամանակ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Փարիզում Սերժ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո այցի առաջին օրը նա աշխատանքային ընթրիք է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների հետ: 

ՀՀ նախագահի խոսքով, հայ-ֆրանսիական համագործակցությունը բոլոր ոլորտներում ամրապնդվում եւ խորանում է: Հանրապետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Ֆրանսիա իր պաշտոնական այցի շրջանակներում, այնուհետ՝ Նախագահ Նիկոլա Սարկոզիի Հայաստան կատարելիք առաջիկա պետական այցի ընթացքում նախատեսված հանդիպումներն ու բանակցությունները նոր հանգրվանային կետ կդառնան Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունների զարգացման ճանապարհին:

Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների հետ հանդիպման պատեհ առիթն օգտագործելով, մեկ անգամ եւս շնորհակալություն է հայտնել նրանց՝ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած մեծ ներդրման համար: Նախագահը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին՝ հայ ժողովրդի նկատմամբ ցուցաբերած եւ մինչ այժմ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի, մեր ժողովրդի համար ամենադժվար պահերին՝ ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին ձեռք մեկնելու, նրանց ցավը հասկանալու եւ իրենց երկրում ապրելու, արարելու հնարավորություն ստեղծելու համար: Հանրապետության ղեկավարը հայ-ֆրանսիական սերտ հարաբերություններին մաղթել է հարատեւություն: