Հայաստանի 2012 թ. պետական բյուջեի եկամուտները կկազմեն 910 մլրդ դրամ (մոտ 2.46 մլրդ դոլար), ծախսերը` 1.04 տրլն դրամ (2.81 մլրդ դոլար), իսկ դեֆիցիտը` 132 մլրդ դրամ (350 մլն դոլար):
ՀՀ կառավարությունն այսօր` սեպտեմբերի 28-ին, հրապարակել է 2012 թ. բյուջեի նախագծի նախնական տարբերակը: Նշենք, որ 2011 թ. հաստատված բյուջեի համեմատ եկամուտներն ավելացել են մոտ 60 մլրդ դրամի չափով, իսկ ծախսերը` 40 մլրդ դրամի չափով: Արդյունքում` պետական բյուջեի դեֆիցիտը կրճատվել է մոտ 16 մլրդ դրամի չափով (2011 թ. այն 148 մլրդ դրամ է):
2012 թ. բյուջեի նախագծում էապես ավելացվել են եւ հարկային եկամուտների, եւ սոցապ վճարների պլանները: Փոխարենը` էապես նվազել են պաշտոնական դրամաշնորհներից սպասումները:Այսպես` 2012 թ. նախատեսվում է ստանալ 732 մլրդ դրամ հարկային եկամուտ (2011-ի 650 մլրդ դրամի համեմատ), 142 մլրդ դրամ սոցապ վճար (2011-ի 123 մլրդ դրամի համեմատ) եւ 14.8 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհ ( 2011-ի 56 մլր դրամի համեմատ):




























