Հետախույզ Աննա Չապմանն այսօր` սեպտեմբերի 28-ին, դասախոսություն է կարդացել Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանում` «Ինչպես դառնալ լիդեր ժամանակակից աշխարհում» թեմայով: Այս դասախոսությունն, ըստ Gazeta.ru-ի, տեղի է ունեցել լրտեսուհու նախաձեռնությամբ:
«Դա մեր նախաձեռնությունը չէր: Չապմանն ինքն է ցանկացել հանդիպել Սանկտ-Պետերբուրգի համալսարանի ուսանողների հետ»,- ասել է համալսարանի մամուլի ծառայության աշխատակիցներից մեկը, ով հրաժարվել է ասել իր անունը:
Twitter միկրոբլոգի օգտագործողները գրել են, որ Չապմանի համալսարան մտնելիս նրան դիմավորել է մի խումբ` վիրավորական պաստառներով:
«Չապմանին ուսանողները հանդիպել են «Կրեմլ եւ պոռնոգրաֆիա, դուրս համալսարանից» պաստառով եւ «Մենք ձեզանից սովորելու ոչինչ չունենք» գոչյուններով»,- գրել է Twitter-ի IvanDenver մականունով օգտագործողը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Չափմանի գործի վրա Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը կորցրել է 50 միլիոն դոլար: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, վկայակոչելով «Վեդոմոստին», ԱՀԾ նախկին գնդապետ Ալեքսանդր Պոտեեւի դավաճանության պատճառով ԱՄՆ-ում ռուս հետախույզների գործունեությունը եղել է վերահսկողության տակ, նշանակում է բոլոր ծախսերը, աշխատավարձերը, ուսուցման գումարները իզուր են եղել:
Հունիսի 27-ին Ալեքսանդր Պոտեեւը հայրենիքի դավաճանության եւ դասալքության համար դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման, նրան նաեւ զրկել են բոլոր կոչումներից եւ շքանշաններից:




























