Ահաբեկչությանը օժանդակելու մեղադրանքով Բաղդադի բանտում պահվող ավելի քան 400 կանայք հացադուլ են հայտարարել։ Նրանք «Իսլամական պետության» զինյալների կանայք են։ Նրանց թվում կան Ռուսաստանի քաղաքացիներ, հայտնում է BBC-ն։
Ընդհանուր առմամբ, ըստ BBC-ի, Բաղդադի «Ռուսաֆա» բանտում կա մոտ 600 կին, այդ թվում՝ տասնյակ ռուս կանայք, ինչպես նաև Թուրքիայի, Ուկրաինայի, Ղրղզստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և այլ երկրների քաղաքացիներ։ Բանտում են նաև նրանց երեխաները, ըստ իրենց՝ բանտարկյալների գնահատականների՝ ընդհանուր առմամբ մոտ հարյուրը (նրանց մեջ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող երեխաներ չկան)։
Ըստ BBC-ի զրուցակցի՝ բանտարկյալները բողոքում են անարդար պատիժներից, անտանելի կենցաղային պայմաններից և պահակների կողմից ծեծի ենթարկվելուց։ Զրուցակիցը պնդում է, որ վեց տարվա ընթացքում բանտում առնվազն 60 կին և 20 երեխա է մահացել՝ ուշացած բժշկական օգնության պատճառով։ Վերջին մահացած երեխան երեք տարեկան էր։
Կանայք պահանջում են կալանքի պայմանների բարելավում և պատժաչափերի վերանայում։ Ահաբեկչական կազմակերպության հետ մեղսակցության համար նրանք դատապարտված են երկարաժամկետ ազատազրկումների՝ ընդհուպ մինչև ցմահ։ Զրուցակցի խոսքով՝ իր ծանոթ կանանցից և ոչ մեկը գիտակցաբար չի անդամագրվել «Իսլամական պետությանը», բոլորն էլ պարզապես հետևել են իրենց ամուսիններին։ «Կանանց մեծ մասը նույնիսկ չգիտեր, թե ուր է գնում», - ասել է նա:
Իրաքի պաշտոնյաները չեն պատասխանել հացադուլի և բանտում մահվան դեպքերի մասին՝ BBC-ի հարցերին։ Միաժամանակ, Իրաքի արդարադատության նախարարությունը խոստովանել է, որ բանտն իսկապես չորս անգամ գերբնակեցված է։





























