Պաշտոնյան էլ է մարդ, ինքն էլ է արժեք, և դա չի նշանակում, որ իրա վրա կարելի է թքել, ես դատապարտում եմ թքելու բոլոր փորձերը, բոլոր մարդկանց վրա: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին առնչվող միջադեպի վերաբերյալ հարցին, թե ինչպես է վերաբերում, երբ Հանրապետության երկրորդ պաշտոնյան թքում է մարդու վրա, որը իր կառավարությունը հայտարարել էր որպես բարձրագույն արժեք:
«Իհարկե, սխալ է տեղի ունեցել, բայց այդ սխալը տեղի է ունեցել ոչ թե նրա համար, որ այդ սխալի հեղինակը Հանրապետության երկրորդ պաշտոնյան է, տեղի է ունեցել նրա համար, որ այդ հանրապետության երկրորդ պաշտոնյան մարդ է, այ, եթե ինքը լիներ աստված էդ սխալն իրան թույլ չէր տա», - ասաց վարչապետը:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին, քաղաքացի Կարեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ նա Կասկադում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին դավաճան է կոչել, ինչից հետո Սիմոնյանը հրահանգել է թիկնապահներին բռնել իրեն եւ թքել է իր դեմքին:
Ալեն Սիմոնյանն ավելի ուշ ֆեյսբուքյան գրառմամբ չէր հերքել կատարվածը:
« «Ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»,- նշել էր Սիմոնյանը:
Այս միջադեպի վերաբերյալ Լեւոն Տեր-Պետրոսյանը հոդված էր հրապարակել, որտեղ նշել էր, որ ՔՊ խմբակցությունը պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը: Ի պատասխան Ալեն Սիմոնյանը հրավիրել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին Ազգային ժողով:
Հանրային մեծ ճնշումից հետո, հինգ օր անց, ի վերջո, Սիմոնյանը ընդունել էր կատարվածը եւ ներողություն խնդրել Հայաստանի քաղաքացիներից:
«Ես ցավում եմ, որ ինձ ուղղված անձնական վիրավորանքից հունից դուրս եկա: Վստահ եմ, որ արժանապատվություն ունեցող որեւէ հայ մարդ չէր հանդուրժի նման վիրավորանքը, սակայն ընտրված պաշտոնյայի վրա դրված բարձր պատասխանատվությունը պիտի զսպող դեր ունենա»:
Ալեն Սիմոնյանի հետ ունեցած միջադեպի հետեւանքով վնասվածք եմ ստացել աչքիս հատվածում. Կարեն Մկրտչյան
Ես պատերազմ տեսած, հաղթանակ ու պարտություն ճաշակած երևանցի տղա եմ, ումից դուք միշտ փախչելու եք. Ալեն Սիմոնյան
ՔՊ խմբակցությունը պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը. Լևոն Տեր-Պետրոսյան
Քաղաքացու դեմքին ենթադրաբար թքելու մասով խնդրել ենք քրեական վարույթ նախաձեռնել. Դանիել Իոաննիսյան
Մի քանի օր հակառակվելուց հետո Ալեն Սիմոնյանը հանրայնորեն ներողություն է խնդրել իր արարքի համար





























