Այսօր բողոքի ցույց է տեղի ունեցել Քիշնևի կենտրոնում։ Ոստիկանությունը մի շարք խախտումներ է արձանագրել, հաղորդում է ՄՕԼԴՊՐԵՍ-ը։

Բողոքարարները շրջափակել էին Շտեֆան չել Մարե պողոտայի հատվածը։ Հասարակական տրանսպորտը աշխատել է հարևան փողոցներում, իսկ վարորդներին կոչ են արել խուսափել քաղաքի կենտրոնից։

Բողոքի գործողությունը կազմակերպել էր «Հանուն ժողովրդի շարժումը», որի մեջ մտնում է նաև «Շոր» կուսակցությունը։ Բողոքողները հավաքվել էին խորհրդարանի շենքի առաջ, վանկարկում էին հակակառավարական կարգախոսներ և արտահերթ ընտրությունների կոչ  անում։

Ոստիկանության գլխավոր տեսչությունը հաղորդել է, որ կասկածելի վարքով 27 մարդ բերվել է ոստիկանական տեղամասեր՝ անձը հաստատելու և փաստաթղթավորման համար։Նրանցից չորսը հայտարարել են իրավապահներին, որ հավաքին եկել են փող ստանալու համար։ Իսկ ոմանց մոտ հայտնաբերվել են դյուրավառ նյութեր, որոնցով բողոքողները պատրաստվում էին «որոշակի օբյեկտներ հրկիզել»։

Մի լրագրող դիմել է ոստիկանությանը՝ բողոքելով, որ «տուժել է հանրահավաքի ժամանակ, երբ ցուցարարները հարվածել են իրեն ինչ-որ առարկայով»։

Որոշ մասնակիցներ երկգույն ժապավեններ են կրել, որոնք արգելված են Մոլդովայի Հանրապետությունում։

Առայժմ չի հաղորդվում բողոքի ցույցին մասնակցած մարդկանց թիվը։