Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը օրենսդրական նախաձեռնություն է մշակել, ըստ որի՝ նախագահից ԿԸՀ ղեկավարի թեկնածու առաջարկելու իրավունքը կանցնի խորհրդարանի նախագահին։ Օրինագիծը երկուշաբթի գրանցվել է խորհրդարանի բյուրոյի նիստում։

Օրինագծի համաձայն՝ խորհրդարանի նախագահը մրցութային հանձնաժողով է հրավիրելու, որը կընտրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարի եւ ԿԸՀ շարքային անդամների թեկնածուներին։ Ընտրությունից հետո խորհրդարանի ղեկավարը պատգամավորներին կներկայացնի մի քանի թեկնածուների, որոնք 150-ից 76 ձայնով պետք է հինգ տարի ժամկետով ընտրեն ԿԸՀ ղեկավարին եւ ԿԸՀ-ի շարքային անդամներին։

Գործող օրենքով, եթե 150 պատգամավորից 100-ը կողմ քվեարկի ԿԸՀ ղեկավարի թեկնածությանը, նա կընտրվի հինգ տարի ժամկետով, իսկ եթե ստանա ավելի քիչ թվով պատգամավորների աջակցությունը, ապա վեց ամսով։ Այս փոփոխություններն ընդունվել են 2021թվականին։ Այդ ժամանակվանից խորհրդարանը չի կարող հինգ տարով ընտրել ԿԸՀ ղեկավարին, քանի որ իշխող կուսակցությունը 100 մանդատ չունի։

ԿԸՀ-ի ներկայիս ղեկավարը Գիորգի Կալանդարիշվիլին է։ Նա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ղեկավարում է 2021 թվականի օգոստոսից։ Նա մի քանի անգամ ընտրվել է վեց ամսով, քանի որ չէր կարողանում ստանալ 100 պատգամավորի աջակցությունը։