Իտալիայի, Գերմանիայի եւ Ավստրիայի էներգետիկայի նախարարությունները համատեղ նամակ են ստորագրել Հյուսիսային Աֆրիկայի եւ Եվրոպայի միջեւ ջրածնով աշխատող գազատարի զարգացմանն աջակցելու մասին: Այս մասին երեքշաբթի հայտնել է գազային ցանցերի իտալական Snam օպերատորը, հաղորդում է Reuters-ը:

Snam-ը՝ ծրագրի հետեւում կանգնած ընկերություններից մեկը, ասել է, որ երեք երկրներն իրենց աջակցությունն են հայտնել համապատասխան ենթակառուցվածքային նախագծերին՝ Եվրամիության ընդհանուր հետաքրքրության ծրագրի (PCI) կարգավիճակ ստանալու համար։

Snam-ի հայտարարության մեջ ասվում է, որ այսպես կոչված SouthH2 միջանցքը կմիացնի Հյուսիսային Աֆրիկան, Իտալիան, Ավստրիան եւ Գերմանիան, ինչը թույլ կտա Հարավային Միջերկրական ծովում արտադրված վերականգնվող ջրածինը հասցնել եվրոպական սպառողներին։

3300 կմ երկարությամբ նախագիծը ղեկավարում են եվրոպական գազատրանսպորտային համակարգերի չորս խոշոր օպերատորներ (TSOS) ՝ Snam, Trans Austria Gasleitung (TAG), Gas Connect Austria (GCA) եւ bayernets Գերմանիայում։